Տոկիոյի նահանգապետը հրաժարական կտա կոռուպցիոն սկանդալի պատճառով

13:00 • 19.12.13

Տոկիոյի նահանգապետ Նաոկի Ինոսեն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ իր շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով, և արդեն համապատասխան հայտարարությունն ուղարկել է Տոկիոյի խորհրդարան, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ինոսեն ընտրվել է այս պաշտոնում ուղիղ մեկ տարի առաջ, սակայն նրա շուրջ սկսել են կրքեր բորբոքվել, երբ հայտնի է դարձել, որ ընտրություններից առաջ Ինոսեն 500.000 դոլար է պարտքով վերցրել ճապոնական մի ընկերությունից։ Թեև նա վերադարձրել է գումարը, սակայն չի կարողացել համոզիչ հիմնավորում ներկայացնել այն վերցնելու համար։

 

Ըստ ճապոնական օրենքների՝ քաղաքական գործիչներն իրավունք չունեն գումար վերցնել մասնավոր ընկերություններից։ Ինոսեն ասել է, որ կես մլն դոլարը վերցրել է ոչ թե ընտրությունների, այլ անձնական ծախսերի համար։ Օրենսդիրները մի քանի լսում են անցկացրել, որոնց ընթացքում նահանգապետն անընդհատ փոխել է պատասխանները՝ առաջացնելով պատգամավորների զայրույթը։