Կահիրեի դատարանն արդարացրել է Եգիպտոսի նախկին վարչապետին և Մուբարաքի որդիներին
Կահիրեի քրեական հանցագործությունների դատարանը հանել է Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի դեմ մեղադրանքը՝ խարդախությունների, երկրի քաղավիացիային պատկանող հողատարածքների անօրինական յուրացումների գործով։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, գործով արդարացվել են նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները։
Նախագահի նախկին թեկնածու Շաֆիքը գործով հիմնական մեղադրյալն էր, որին մեղադրանք էր ներկայացվել այն ժամանակահատվածում, երբ նա զբաղեցնում էր քաղավիացիայի նախագահի պաշտոնը։
Բացի այդ, Շաֆիքը մեղադրվում էր նաև Հոսնի Մուբարաքի որդիներին անօրինական ճանապարհով հողատարածք տրամադրելու համար։










