Վրաստանի նախագահը կոչ է արել պաշտպանել նախկին վարչապետ Մերաբիշվիլիի իրավունքները
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի իրավունքները, ով երկրի գլխավոր դատախազին մեղադրել էր իրեն շանտաժի ենթարկելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Երեքշաբթի ելույթ ունենալով դատարանում՝ Մերաբիշվիլին Վրաստանի գլխավոր դատախազին մեղադրել էր իր վրա ճնշում և շանտաժ կիրառելու համար։
«Ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում։ Կասկածյալ Մերաբիշվիլին ունի իր իրավունքները, և դրանք պետք է պաշտպանվեն՝ համաձայն օրենքի»,-հայտարարել է Մարգվելաշվիլին։
Նրա խոսքով՝ Մերաբիշվիլիի հայտարարությունները պետք է ադեկվատ իրավական արձագանք ստանան։
«Դա քաղաքական գործիչների հարց չէ, այլ իրավաբանների, որոնք պետք է ասեն, թե նման դեպքում ինչ է նախատեսում օրենքը»,-ասել է Մարգվելաշվիլին։
Ավելի վաղ Մերաբիշվիլիի մեղադրանքները հերքել էին Գլխավոր դատախազությունը և պատժի կրման նախարարությունը՝ նշելով, որ նոր իշխանություններն այդ մեթոդներով չեն աշխատում։










