Իրանն այսօր կվերսկսի միջնորդ «վեցյակի» հետ միջուկային բանակցությունները

12:00 • 19.12.13

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այսօրվանից վերսկսում են միջնորդ «վեցյակի» հետ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) տեխնիկական բանակցությունները, որոնք վերաբերում են անցած ամիս Ժնևում ձեռքբերված միջուկային համաձայնության կյանքի կոչմանը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Fars գործակալությանը հղումով, այս բանակցություններն անհրաժեշտության դեպքում կարող են տևել մինչև կիրակի։

 

Ավելի վաղ Վիեննայում ընթացող բանակցություններն իրանական կողմի նախաձեռնությամբ ընդհատվել էին, քանի որ Միացյալ Նահանգները 19 իրանական ընկերությունների և անձանց ներառել էր «սև ցուցակում»։

 

Հիշեցնենք, որ ժնևյան համաձայնությունը ենթադրում է, որ Թեհրանը 6 ամսով պետք է մասնակիորեն դադարեցնի միջուկային ծրագրի զարգացումը, ինչի դիմաց Արևմուտքը պետք է չեղյալ համարի կամ էլ թուլացնի իսլամական պետության դեմ կիրառվող պատժամիջոցները։