Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերով կլոր սեղան Երևանում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երևանում կայացել է կլոր սեղան ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են արտգործնախարարությունից` համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի դրույթների` Հայաստանի կողմից կատարման ընթացքը` ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) և Կողմերի կոմիտեի կողմից արված առաջարկների լույսի ներքո: Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջարկություններ են ներկայացրել Հայաստան-ԳՐԵՏԱ հետագա համագործակցության վերաբերյալ:










