Կիևը կհամաձայնվի, եթե եվրաինտեգրման պայմանները ձեռնտու լինեն. Յանուկովիչ

15:45 • 19.12.13

Ուկրաինան դրական որոշում կկայացնի Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, եթե պարզվի, որ դրա պայմանները ձեռնտու են երկրի համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

 

«Երբ մենք ձեզ հետ կտեսնենք, որ մեզ նման պայմանները ձեռնտու են, մենք կպաշտպանենք մեր ազգային շահերը, և դրական որոշում կկայացվի»,-ասել է Յանուկովիչն ուկրաինական լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում։

 

Նա հայտարարել է, որ Ուկրաինան դադար է վերցրել ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններում, որպեսզի հասկանա, թե ինչ պայմաններով է ստեղծվելու ազատ առևտրի գոտին։

 

Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչը երկրի եվրաինտեգրման կողմնակիցների շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։