Հայաստանում Ուկրաինայի օրինակով ընդվզում չեղավ, քանզի չբարձրացվեց պայքարի դրոշը, Արևմուտքից էլ մեսիջ չեկավ. տեսակետներ

10:12 • 20.12.13

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում հասարակությունը փողոց դուրս չի գալիս և իր համար կենսական կարևորության խնդիրների համար չի ընդվզում, ինչպես Ուկրաինայի դեպքում եղավ, նշեցին, որ պատճառը դրա համար համապատասխան նախադրյալների բացակայությունն է, այսինքն՝ չկա միջազգային հանրության մեսիջը, քաղաքական ընդդիմադիր ուժերի աջակցությունը, ինչպես նաև լիարժեք ձևավորված քաղաքացիական հասարակություն։

 

Նրանց խոսքով՝ Ուկրաինայի Մաքսային միությանն այդ երկրի անդամակցությանը դեմ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում, որի արդյունքում նույնիսկ Ռուսաստանը զիջումների գնաց, որովհետև թե՛ քաղաքացիական հասարակությունը, և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես եկան միասնական ձևով։

 

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ էապես տարբեր են քաղաքական պայմանները, որոնք ստեղծվել են Ուկրաինայում և Հայաստանում, որն էլ էական ազդեցություն ունեցավ քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածի վարքագծի վրա։

 

«Տարբերություններից առաջինն այն էր, որ Վիլնյուսում հստակ մատնանշվեց, որ համաձայնագիրը չի կնքվելու Յանուկովիչի հետ, դա շատ կարևոր մեսիջ էր հանրությանը, որ ցույց տվեց Արևմուտքի դիրքորոշումը»,– ասաց նա։

 

Քաղաքագետի խոսքով՝ երկրորդ պայմանն այն է, որ Ուկրաինայում առկա են քաղաքական ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հարում են եվրոպական ճանապարհով զարգացման ուղուն, և այդ կուսակցությունները մատնանշվեցին ԵԺԿ-ի կողմից գործընկերները։

 

«Երրորդ պայմանն Ուկրաինայում այն էր, որ նախորդ նախագահները անտարբեր չմնացին Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ և հանդես եկան իրենց համատեղ հայտարարությունով։ Այսինքն՝ քաղաքական համակարգի բոլոր էլեմենտները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին կատարեցին որոշակի աշխատանք և հանրության համար հասկանալի դարձավ խնդիրն ու նպատակը և մարդիկ դուրս եկան փողոց և ցուցաբերեցին քաղաքական ու քաղաքացիական բարձր ակտիվություն»,- բացատրեց նա։

 

Մինչդեռ ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Հայաստանում բացակայում են մատնանշված բոլոր հանգամանքները։ Այսինքն՝ ըստ նրա, երբ չկան քաղաքական ուժեր, չկա արտաքին ուժերի կողմից հստակ դիրքորոշում՝ առաջանում է անորոշ իրավիճակ և մարդիկ պատրաստ չեն ցուցաբերել ակտիվություն։

 

«Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա Մաքսային միության դեմ պայքարելու, եթե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը դա անհրաժեշտ չի համարում։ Եթե իմանայինք կա, դուրս կգայինք, բայց ընդհակառակը՝ Արևմուտքը տարբեր դիվանագետների միջոցով ասաց, որ Սերժ Սարգսյանի որոշումն ընդունելի է և հասկանալի, և չեն գտնում, որ հայ ժողովրդին դնում է սխալ և ծանր վիճակի մեջ»,- նշեց նա։

 

Բացի այդ, ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ՀՀ իշխանությունները գաղութային վարքագիծ են դրսևորում՝ չպաշտպանելով ժողովրդի շահերը, իսկ երբ ընդդիմությունը չի բարձրացնում պայքարի դրոշը, արդյունքում ժողովուրդն էլ չի տեսնում ընդվզման համար անհրաժեշտ գործոններ և փողոց դուրս չի գալիս։

 

Ինչ վերաբերում է քաղաքացիական ակտիվիստներին, ապա ըստ քաղաքագետի՝ նրանք եղած ուժերով արեցին այն, ինչ հնարավոր էր։ «Այս դաշտում հնարավորն արվել է, բողոքի ակցիաներ են կազմակերպվել, բայց նման ընդհանուր քաղաքական պայմանների մեջ այն չէր կարող դուրս գալ քաղաքական այն շրջանակից, ով մտահոգ է և հասկանում է, թե ինչ վտանգ է պարունակում այս ընտրությունը»,- նշեց նա։

 

Ակտիվիստ Անի Կաղինյանը նշեց, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունը, իսկ քանի որ, ըստ նրա, Հայաստանը միջազգային հանրությանը չի հետաքրքրում, այդ իսկ պատճառով էլ սայլը տեղից չի շարժվում։

 

«Հայաստանը չի հետաքրքրում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրոպային, անգամ ո՛չ էլ Ռուսաստանին, դրա համար է, երբ ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս պայքարի՝ զգում են այդ միջազգային երկրների հովանավորության պակասը։ Իհարկե, ներսում պետք է մենք ինքնակազմակերպվենք, բայց հարկ եղած դեպքում միջազգային հանրությունն էլ պետք է միջամտի, ինչպես Ուկրաինայի դեպքում է»,- ասաց նա։

 

Ըստ նրա՝ Հայաստանում հասարակությունը 2008թ-ին տեսավ, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը, որն իր դերն ունեցավ մարդկանց փողոց դուրս գալը կանխելու հարցում, իսկ նույն միջազգային հանրության լռությունն էլ ցույց տվեց, թե Հայաստանն որքան քիչ է հետաքրքրում նրանց։

 

«Երբ 10 անմեղ քաղաքացիներ սպանվեցին Երևանի կենտրոնում՝ բոլորի աչքի առաջ, միջազգային ոչ մի ատյան այդպես էլ հատուկ արձագանք չտվեց, և մինչ այսօր էլ բացահայտված չեն այդ սպանությունները։ Իսկ Եվրամայդանում, երբ մի թեթև հրմշտոց էր եղել՝ բոլոր միջազգային բարձր ատյանները իշխանություններին կարգի են հրավիրում, թե՝ չի կարելի նրանց իրավունքները ոտնահարել։ Այսինքն՝ երբ որ մենք էլ որպես պետություն կարևորություն ունենանք, մեզ մոտ էլ ինչ-որ բան կստացվի անպայման»,- ասաց նա և այստեղից էլ եզրակացրեց, թե աշխարհը բաժանելու գործում նախապես էր որոշված, որ Հայաստանը ՄՄ-ի բաժինն է։

 

Անի Կաղինյանը նշեց, որ մեծ է նաև սեփական իշխանության դիրքորոշումը՝ հասարակության ներսում տրամադրություններ ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ իշխանությունը հասարակության առաջ հաշվետու չէ, ոչ մի քայլի համար։

 

«Մենք այդպես էլ չպարզեցինք, թե սեպտեմբերի 3-ին ինչ հաշվարկների միջոցով է որոշում կայացվել Մաքսային միությանն անդամակցելը, որը գաղտնի է պահվում մինչ օրս, այսինքն` իշխանությունները հեռացել են հանրությունից և անում է այն, ինչ իրենք են ուզում։ Դե, իհարկե, տեսնելով Ուկրաինայի նախագահի ձեռքբերումները՝ 15 մլրդ դոլար վարկ, գումարած 7 մլրդ գազի պարտքի մարում, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ մի զիջում, դեռ մի բան էլ վերցրեցին 20 տոկոսը («ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության մասնաբաժինը – խմբ.), պարտքի դիմաց։ Դա իշխանությունների անինքնասեր կառավարման արդյունքում է, որ հասել ենք, այս օրին»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ոչ ակտիվ դրսևորումներին, ապա ակտիվիստի խոսքով՝ նույն քաղհասարակություն հանդես եկող կազմակերպությունները իրականում այդքան էլ միանշանակ չեն զբաղվում իրենց առաքելությամբ։

 

«Միջազգային կառույցները բավական մեծ գումարներ՝ դրամաշնորհի ձևով, տալիս են ՀԿ-ներին, քաղաքացիական շարժումներին, բայց հիմնականում քաղաքացիական և հասարակական կազմակերպությունները միաժամանակ գտնվում են իշխանության և Կառավարության հովանու ներքո։

 

«Այսինքն՝ նրանք նորմալ մոնիթորինգ էլ չեն անում, այդ մարդիկ ինչ են անում, և ուր են գնում, դրա համար հնարավոր էլ չէր այդ կարճ ժամանակում քաղաքացիական հասարակություն ձևավորել, որն էլ իր հերթին կարող էր շարժում ձևավորվել։ Դրա համար էլ այդ վիճակն է»,- եզրակացրեց նա և անցավ վերջին տարբերակին, թե ինչու, ի վերջո, չստեղծվեց շարժում՝ ընդդեմ գազի թանկացման, մաքսային միության և այլ դժգոհությունների համար։

 

«Բացի քաղհասարակությունից նույն Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես են ընդդիմադիր ուժերը միասնաբար միացել այդ շարժմանը, մեր դեպքում, ի վերջո, քաղաքական դաշտը մի քանի ամիս առաջ լրիվ վերացած վիճակում էր, հիմա գոնե նկատվում է. կուտակայինի հարցում որոշակի քայլեր են արվում, ոտքի են կանգնում կամ գոնե գալիս են համագործակցության, բայց վերջնական միասնություն չկա, իսկ Ուկրաինայում հստակ կար միասնություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեջ։ Այ երբ մեզ մոտ էլ խնդիրը նույն հարթության կբերվի, իհարկե, հնարավոր կլինի միասնաբար պայքարել և հասնել հաղթանակի»,- եզրափակեց նա։