Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նոր հարկերից դժգոհող ագարակատերերի նկատմամբ
Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ագարակատերերի դեմ, ովքեր դժգոհ են անշարժ գույքի նկատմամբ նոր հարկ սահմանելու կառավարության ծրագրից:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ համապատասխան օրինագիծը, որի ընդունման համար խորհրդարանում քվեարկություն կանցկացվի այսօր երեկոյան, առաջին անգամ նախատեսում է հարկ սահմանել 1000 քառ. մետրից ավելի մակերես ունեցող հողատարածքների համար:
Շուրջ հազար ագարակատերեր, որոնք նավերով ժամանել են Կրետե կղզուց, ինչպես նաև նրանց գործընկերները՝ մյուս շրջաններից, ցույց են անցկացրել Աթենքի կենտրոնում՝ բարձրաձայնելով հետևյալ կոչերը. «Ոչ կրկնակի հարկագանձմանը», «Ոչ մի եվրո՝ դաշտի համար»: Սկզբում ցույցի մասնակիցները հավաքվել են Ֆինանսների նախարարության մոտ, ապա շարժվել դեպի Հունաստանի խորհրդարան, որը գտնվում է Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակում:










