Պահանջում են ազատել Շանթին և ընկերներին. բողոքի ցույց դատախազության մոտ (տեսանյութ)

15:23 • 20.12.13

Մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով ազատ արձակել նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին ու մի խումբ քաղաքացիների, իսկ մինչ այդ, նրանց հարազատների հետ տեսակցություն թույլ տալ:

«Նման արգելք հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեսակցությունները կխոչընդոտեն գործի քննությանը: Մեր պահանջն է, որպեսզի վերացվի տեսակցության արգելումը, քանի որ դա իրապես անմարդկային վերաբերմունք է և ունի պատժիչ բնույթ»,- այնտեղ հավաքված լրագրողներին ասաց «Հելսինկյան ասոցիացիայի» Վանաձորի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:


Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածների հետ այս պահին տեսակցության արգելումը նպատակ ունի ամբողջությամբ մեկուսացնել նրանց նույնիսկ հարազատներից, որ ոչ միայն իրավական, այլ մարդասիրական տեսանկյունից հիմնավորում չունի:


Նա նաև հայտարարեց, որ ամեն ուրբաթ իրենց պահանջը կբարձրաձայնեն դատախազության մոտ այնքան ժամանակ, մինչև հասնեն դրա վերջնական բավարարմանը:


«Ազատություն քաղբանտարկյալներին», «Պահանջում ենք արդարություն» պաստառներով բողոքից հետո քաղաքացիները դատախազության դիմաց ստորագրահավաք անցկացրին և պահանջի մասին նամակի հետ փոխանցեցին դատախազությանը:


Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, ով նույնպես մասնակցում էր ցույցին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրում է նրա համար, որ թույլ տան տղային տեսնել: «Ես ծնող եմ, ես ինքս եմ ուզում տեսնել իմ տղային, նոյեմբերի 5-ից մինչ այսօր չեմ տեսել և ոչ էլ լուր ունեմ»,- ասաց նա: