Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը. Ս. Ֆարմանյանը՝ նախարարին

15:32 • 20.12.13

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև համաձայնագրերի՝ ԱԺ-ում վավերացման ներկայացված քննարկմանը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին խնդրեց քննության առնել երկու քաղաքական հարցադրում։

 

««ՀայՌուսգազարդ» ընկերության 20% մնացյալ բաժնեմասերի փոխանցումը Գազպրոմին մի տեսակ խորհրդանշական առումով սրում է մեր էներգետիկ անվտանգությունը։ Դուք որպես էներգետիկայի նախարար ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը, ի՞նչ հնարավոր մարտահրավերներ եք տեսնում, արդյո՞ք տեսնում եք մեր կախվածությունը որևէ գործընկերոջից, սպառնալիք մեր ազգային անվտանգությանը»,-ասաց նա և անցավ հաջորդ հարցին։

 

«Պարտավոր ենք հաշվի առնել քաղաքական և աշխարհաքաղաքական այն միջավայրը, որում դուք՝ որպես Կառավարություն, բանակցել եք ռուսական կողմի հետ։ Արդյո՞ք «ՀայՌուսգազարդի» 20%-ի փոխանցումը, գազի գնագոյացման նոր համաձայնագիրը առնչություն ունեցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հետ»,-ասաց նա։

 

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ արդարացի հարցադրում կա հասարակության կողմից՝ հաշվի առնելով այն, որ այսօր կա հանրային անվստահություն՝ գազի գնի գոյացման բանաձևի նկատմամբ, ուստի, ըստ նրա, ցանկալի կլինի, որ «ՀայՌուսգազարդն» այդ բանաձևը ամենայն մանրամասնությամբ ներկայացնի Կառավարության միջնորդությամբ։

 

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ ՀՀ էներգետիկ օրենսդրությունն այնպիսին է, որ անկախ նրանից, թե ում են պատկանում էներգետիկ միջոցները, որևէ ազդեցություն չեն ունենա այն գործունեության վրա, որը ՀՀ-ն իրականացնում է։

 

Նախարարը նշեց, որ օրենքում համապատասխանաբար ամրագրված է անվտանգության չափանիշը, և ինքը բավարար է գնահատում։ «Այն պահին, երբ նրա գործունեությունը կհակասի ժողովրդի իրավունքներին, այդ պահին իրավունք ունենք լիցենզիան կասեցնել, և մենք ինքներս կիրականացնենք դասական կառավարում, մինչև համապատասխան լուծումները կգտնվեն։ Այս տեսակետից որևէ խնդիր չի առաջանում, սա միայն կոմերցիոն տեսակետից է, բայց այս տարիների ընթացքում, որևէ դիվիդենտ չենք ունեցել, և պայմանավորվածությունն էլ այնպիսին է եղել, որ շահույթների հիմնական մասը կներդնեն ՀՀ-ում»,-ասաց նա։

 

«ՀայՌուսգազարդի» գնագոյացման գործընթացը ներկայացնելու հարցադրմանն ի պատասխան նախարարն ասաց, թե կանեն համապատասխան լսումներ, որի ժամանակ կներկայացնեն իրենց կարծիքները և կստանան առաջարկությունները:

 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր նախատեսվում է վավերացնել Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրեր՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը և 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: