Ամերիկացի բարձրաստիճան զինվորականին հեռացրել են պաշտոնից Մոսկվայում խմելու համար
Այս տարվա հոկտեմբերին ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալ Մայքլ Քերիին աշխատանքից հեռացնելու պատճառը եղել է նրա պահվածքը Ռուսաստանում, հայտնում է Interfax-ը:
Այդ պահվածքը ենթադրել է սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Գեներալը մասնակցել է միջուկային անվտանգության հարցերով զորավարժությունների, սակայն խնդիրն այլ բան է եղել:
Ըստ այդմ` հուլիսին Մոսկվայում գտնվելով` գեներալը չարաշահել է ալկոհոլային խմիչքները և շփվել հավատ չներշնչող արտասահմանցի կանանց հետ:
ԱՄՆ վերադառնալուց հետո գեներալի դեմ բողոք են գրել ամերիկյան պատվիրակության մյուս անդամները:
Նախքան հեռացումը Քերին տնօրինել է «Մինիթմեն» հրթիռներով զինված ռազմաբազաներ: Այժմ նա զբաղեցնում է ոչ հրթիռների կամ միջուկային զենքի տնօրինման հետ կապված պաշտոն:










