Նախարարը խոստովանեց՝ «Գազպրոմի» հետ պայմանագրում չի հստակեցվել, որ ԼՂՀ-ն բաժանորդ է
ԱԺ-ին ներկայացված ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերացման քննարկմանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց, թե ԼՂՀ-ն «Գազպրոմի» բաժանորդ համարվելո՞ւ է։ «Քանի որ Հայաստանն իրավունք չունի պայմանագրում որևէ փոփոխություն մտցնել, այդ դեպքում ԼՂՀ-ն կհայտնվի խիստ անորոշ վիճակում։ Այսինքն՝ կամայականության վրա է թողնված, սա զուտ «Գազպրոմի» հայեցողության տակ է Ղարաբաղ մտնող գազի խնդիրը»,- ասաց նա։
Բացի այդ, նա հետաքրքրվեց, որ եթե նախարարն ասում է, թե Ռուսաստանը կարող է իր բաժնետոմսերը վաճառել միայն իր դուստր ընկերություններին, ապա հաշվի չի՞ առնվում, որ նույն «Գազպրոմը» կստեղծի մի դուստր ձեռնարկություն ու հետո կվաճառի գազը ոչ ցանկալի պետությանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե վերջին հարցում ինքը նաև ասել է, որ դա պետք է արվի իրենց համաձայնությամբ և այդ դեպքում իրենք կկանխեն։
Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա նախարարը խոստովանեց, այո՛, պայմանագրում այդ հարցը հստակեցված չէ։ «Մինչև այժմ մեր համաձայնությամբ Ղարաբաղը դիտարկվում է «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժանորդ և այդպես էլ կշարունակվի։ Ճիշտ է, համաձայնագրում այս թեմայով բան չկա՝ հաշվի առնելով այն խնդիրը, որ առաջիկայում քննարկումների ընթացքում ավելի բաց տեսքով ձևակերպումներ կլինեն, դրա համար որևէ բան չենք գրել։ Բայց որևիցե խոչընդոտ, մատակարարման հետ կապված, բնականաբար լինել չի կարող»,- ասաց նա։
Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց, որ ԼՂՀ-ի հարցում պայմանագրում պարտավոր են նշել, որ բաժանորդ է։ Օգտվելով առիթից, Քոքոբելյանը գործընկերներին կոչ արեց ուղղակի չմասնակցել այս վավերացմանը և չմասնակցել հակապետական այս գործարքի կայացմանը։










