Հրայր Թովմասյանը չէր գրի ՄԻՊ-ի զեկույցը, բայց այն համարում է մտահոգ մարդու աշխատանք
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ժամանակ ասաց, որ չէր գրի այնպիսի զեկույց, ինչպիսին վերջերս ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, սակայն համարում է, որ այն մտահոգ մարդու աշխատանք է:
Նախարարը նշեց, որ ՄԻՊ-ի խնդիրը լուծման ճանապարհներ ցույց տալն է։ «ՄԻ պաշտպանի զեկույցից հետ, ես խնդրեցի վեր հանել իմ բոլոր ելույթները այդ թեմայով, իմ դատողությունները: Ես ինքս միշտ ասել եմ, որ վստահության պակաս կա դատաիրավական համակարգի նկատմամբ, բայց միաժամանակ սա չի նշանակում, որ գործադիրին, կամ օրենսդիրին վստահում են»,– ասաց նախարարը:
«Մեզ պետք է դատավորների վերապատրաստման արդյունավետ համակարգ: Հենց այսօր ընթանում են դատավորների բանավոր քննությունները, որոնց ներկա են նախարարության և Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, որպես դիտորդ»,- ավելացրեց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, որ համակարգը իդեալական դարձնելու համար անհրաժեշտ է մի ռենտգեն ապարատ, որով հնարավոր կլինի ստուգել մարդկանց արդարամտությունը, ինչը հնարավոր չէ:
Նախարարն ընդգծեց, որ ՄԻՊ-ի վերջին զեկույցը նման է կծկված ոզնու, որը միայն փշեր է ցույց է տալիս և ստեղծում է կարծիք, որ ոչինչ հնարավոր չէ անել ոլորտում և որ բոլորը սրիկաներ են: Նրա խոսքով՝ երկրում առկա վիճակի համար իշխանություններին դատապարտելուց առաջ, պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի, թե ինչ կարող էր ինքն անել խնդիրները լուծելու համար։
«Իհարկե, դատաիրավական բարեփոխումներից իմ ակնկալիքները ավելի մեծ էին, բայց մի շարք կարևոր ակտեր ընդունվեցին ավելի ուշ, քան նախատեսված էին: Վստահ եմ, որ մյուս տարին, չասենք բեկումնային, բայց շոշափելի փոփոխությունների տարի կլինի»,- համոզմունք հայտնեց նա:
Նախարարը ընդգծեց, որ դատաիրավական բարեփոխումներից են կախված ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ մյուս ոլորտների հաջողությունները:










