Մոսկովյան Հելսինկյան խումբը Խոդորկովսկուն աշխատանք կառաջարկի
Մոսկովյան Հելսինկյան խումբը (ՄՀԽ) ցանկանում է աշխատանքի հրավիրել նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից համաներման արժանացած «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, տեղեկացնում է Газета-ն՝ վկայակոչելով ՄՀԽ-ի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևային։
Ալեքսեևան նշել է, որ իրենք շատ ուրախ կլինեն Խոդորկովսկու հետ մի քանի ուղղություններով համագործակցության համար։ Ղեկավարի խոսքով՝ Խոդորկովսկին կարող է լուսավորչական գործունեություն ծավալել գյուղական երիտասարդության շրջանում։
Նա նաև հավելել է, որ անչափ զարմացած է այն փաստով, որ նախկին նավթային մագնատը ներում ստանալու համար խնդրագիր է ներկայացրել Պուտինին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ մամուլի մեծ ասուլիսից հետո Պուտինը հայտարարել էր, որ ինքը Խոդորկովսկուց խնդրագիր է ստացել, որը պատրաստվում է ուսումնասիրել մոտ ապագայում։










