«Այդ լուրեր պտտցնողները էշակ դերեվյանիներ են». Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ նախագահի պաշտոնը լքելու լուրերի մասին (տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե իրականությանը համապատասխանու՞մ են շրջանառվող լուրերը, թե նա թողնելու է ԵԿՄ նախագահի պարտականությունները։ «ԵԿՄ-ն է որոշում, թե ով է նախագահը: Այդ լուրեր պտտցնողները էշակ դերեվյանիներ են»,-ասաց նա։
Հարցին, թե համոզվա՞ծ է, որ վարչությունը նրան կընտրի, պատգամավորը դրական պատասխան տվեց։ «Ոնց որ ձեր տանը պապադ քեզ չճանաչի»,-բացատրեց նա։
Հարցին, թե ինչպես է նրա առողջական վիճակը, գեներալը պատասխանեց. «Շատ ուժեղ, ձեզ եմ առողջություն ցանկանում։ Հարցնում եմ՝ ձեզնից մեկը չի՞ պսակվում, գանք, մի հատ պարենք, ուրախանանք»:
Մանվել Գրիգորյանը նշեց, թե պատրաստվում է Ամանորին, ինչից հետո լրագրողները հարցրին, թե արդյո՞ք հետևելու է նորաձևության միտումներին և ամանորյա սեղանին կոկորդիլոսի ապխտած միս դնի:
«Կոկորդիլոսն ի՞նչ ա, կա՞ Հայաստանում»,-զարմացավ պատգամավորը: Երբ տեղեկացրին, որ բերել են, նա արձագանքեց. «Դե որ բերել են, ուրեմն մեկին պետք կգա: Արդեն այդքան զարգացե՞լ է մեր ազգը: Չէ, ես երկրապահական սեղան եմ դնելու»: Նա դեկտեմբերի 31-ին կեսգիշերին հրավիրեց տեսնելու, թե որն է երկրապահի սեղանը: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ կատակով ավելացրեց. «Թող շուն ուտեն, ինչ կոկորդիլոս»։
«Մարդիկ էշի միս էլ են ուտում, ձի էլ են ուտում, եթե սիրում են՝ թող ուտեն, ազգեր կան էշ ու ձի են ուտում»,-հավելեց Մանվել Գրիգորյանը:










