«Չեմ կարծում, որ կռուտիտն այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների հետ». Ն. Փաշինյանը՝ էներգետիկայի նախարարին
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի համաձայնագրերի՝ ԱԺ ներկայացված վավերացման քննարկմանը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարց չուներ տալու, քանի որ չի կարծում, որ մի անգամ հարց տալով և ակնհայտ սուտ պատասխան ստանալով, ինքը մի անգամ ևս պետք է հարց տա և անկեղծ պատասխան ակնկալի։ Իր այս դիտարկումը եզրափակելով՝ Փաշինյանը նշեց, թե չի կարծում, որ «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։
Իսկ մինչ այդ նա հայտարարեց, որ ԱԺ-ի դիմաց այս «հակապետական որոշման» դեմ ակցիա է ընթանում, որի ժամանակ ոստիկանները կրկին բռնություն են կիրառում։ «Ակցիա են անում հակապետական պայմանագիրը վավերացնելու դեմ, և ոստիկանությունը կրկին սկսել է իր գործողությունները՝ իրենց կարծիքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Արդեն մի քանի մարդկանց, գուցե տասից ավելի մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաները։ Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին՝ հնարավորություն տալով նրանց իրականացնել Սահմանադրության պահանջները»,-ասաց նա։
«ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան դեկտեմբերի 17-ին, և Դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011-ի ապրիլի մեկից, այդ թվում Ձեր մասնակցությամբ է տեղի ունեցել այդ բանավոր, թե գրավոր որոշումը։ Հետո մարդիկ ասացին, թե ինչու՞ չեք ասել, ասացիք՝ ո՞վ է հարցրել, որ ասեմ։ Հարցրել են, 2012թ. փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում լրագրողները հարցրել են, և Դուք ասել եք, որ նման բան չկա։ Հարցրել եմ ես՝ 2013թ. մայիսի 23-ին, ԱԺ-ում լսումների ժամանակ, և Դուք հերքել եք այդ փաստը և հիմա էլի ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան ինչ-որ անընդհատ կոնկրետ պատասխաններ չեք տալիս»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ եթե իրենք հիմա ՔԿՀ-ում լինեին՝ ինքը կհասկանար հարցերին պատասխանելու այդ ձևը։ «Բայց չեմ կարծում, որ, ներողություն այս բառի համար, «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։ Այս կոնտեքստում ես ուղղակի անիմաստ եմ համարում ձեզ որևէ հարց տալը, որովհետև հարց տալ, նշանակում է ակնկալել, որ պատասխանողը ճշմարտության որևէ դրվագ կդնի իր պատասխանի մեջ։ Ես Ձեզ հարց չունեմ տալու այս կապակցությամբ, մանավանդ, որ Դուք հիմա որպես նախարար չպետք է այստեղ կանգնած լինեիք»,-ասաց նա։
Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը թե այն Կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա. «Բայց մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ այս Կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր նախատեսվում է վավերացնել Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրեր՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը և 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:










