ՀՀԿ պատգամավորները նահանջում են, ողջունելի է. Փոստանջյանը հորդորեց ՀՀԿ-ականներին երկուշաբթի ևս չներկայանալ քվեարկությանը

19:20 • 20.12.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ողջունելի համարեց այն, որ այսօր Հանրապետական պատգամավորների թիվը չբավարարեց անցկացնել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «գազային» պայմանագրի վավերացման քվեարկությունը, և ըստ նրա՝ հենց նրանք ձախողեցին քվեարկությունը։

 

«Հանրապետականներն այս պահին ձախողեցին, չկարողացան այնքան մարդ հավաքել, որ կարողանան կազմակերպել քվեարկությունը, միգուցե շատ լավ է, նահանջում են, կարելի է այսպես գնահատել: Ողջունելի է, հորդորում եմ նրանց, ովքեր պետք է երկուշաբթի օրը տեղեկանան այս քվեարկության մասին, հորդորում եմ նրանց, եթե Դուբայում եք կամ որևէ այլ տեղում եք հանգստանում, գնացեք, շարունակեք ձեր հանգիստը, կարիք չկա վերադառնալ, ճիշտ կլինի չգաք, դա իմ հորդորն է»,-հայտարարեց Փոստանջյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը և ևս 2 համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեին:

 

Եզրափակիչ ելույթներին ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հանդես եկան կոշտ ելույթներով և հայտարարեցին, որ այս պայմանագիրն ամոթալի է և հակասում է Հայաստանի շահերին։

 

Իսկ «Հանրապետական» խմբակցության անունից եզրափակիչ ելույթում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու, մի բառը բավական է, որ փոշիանաք»: