Բերման ենթարկված 12 ակտիվիստներն ազատ են արձակվել, ակցիային միացել են ԲՀԿ-ական պատգամավորներ (ուղիղ, թարմացվում է, տեսանյութեր)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
13.45
Ակտիվիստները Բաղրամյան պողոտան փակելու փորձ արեցին, ինչը ոստիկանները կանխեցին։
Ավելի ուշ ոստիկանները բաց թողեցին բերման ենթարկած 12 ակտիվիստներին։
ԱԺ-ի դիմաց բողոքող ակտիվիստներին են միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը։
Վերջիններս ասացին, որ ոստիկաններն իրավունք չունեին բերման ենթարկել ակտիվիստներին, և իրենք այստեղ են, որպեսզի աջակցեն նրանց, քանի որ համարում են, որ նրանց պահանջն արդարացի է։
Այս պահին Վահան Բաբայանը բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ բերման ենթարկված ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու համար։
13.37
Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիին։
13.27
Բախման ժամանակ ոստիկանները հարվածել են ակտիվիստներից մեկի դեմքին և վնասել քիթը։
13.11
ԱԺ-ի դիմաց բողոքող ակտիվիստներից Ոստիկանությունը մի քանի մարդու բերման է ենթարկել։
«Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ» նախաձեռնությունը Ազգային ժողովի դիմաց սկսել է բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ–ում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կնքված համաձայնագիրը ԱԺ արտահերթ նիստում վավերացնելուն։
Ըստ նախաձեռնության անդամների՝ դա հակասում է ՀՀ շահերին և օրենսդրությանը, երկրի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև լրջագույն վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյատևումը։
Նշենք, որ այստեղ են «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչներ և ակտիվիստներ։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ որոշում է կայացրել, ըստ որի «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Ուղիղ հեռարձակումը՝ Civilnet.am–ի










