Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ազգային անվտանգության մարմինները մեր հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են, որոնց գործունեության շնորհիվ է նաեւ ապահովվում անձի, հասարակության և պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Դա ամենօրյա լարված, սկզբունքային ու հետևողական աշխատանք է, որը պահանջում է բարձր արհեստավարժություն եւ անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այդ իսկ պատճառով իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում համակարգի առջեւ ծառացած խնդիրները և անում են հնարավորը ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:










