ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն առաջիկայում ազատ կարձակվի

20:34 • 20.12.13

Այսօր կայացած նիստի ժամանակ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին վաղաժամկետ ազատ արձակել՝ հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հովհաննես Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը:

 

«Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ հաշվի առնելով իր անցյալը, մնացած էլի... կենսագրական տվյալները»,-ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Հովհաննես Թամամյանը միայն մեկ անգամ է դիմել հանձնաժողով:

 

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արշակ Վարդանյանի նախագահությամբ 2012թ. մարտին կայացրել էր վճիռ, որով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:

 

 

Նա մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից:

 

Հովհաննես Թամամյանի վրա մեկ երրորդով տարածվել էր նաև համաներումը: