Ես հոգեթերապևտ չեմ. Ն. Զոհրաբյանը՝ Ա. Աշոտյանի՝ ընդդիմության շվեյցարական պանրի վերածվելու հայտարարության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեղադրանքին, որ ընդդիմությունն այսօր «ՀայՌուսգազարդ»-ի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև «գազային» համաձայնագրերի քննարկման ժամանակ դրսևորեց որպես շվեյցարական պանիր (որում անցքերը ավելի շատ են, քան նյութը) մտավարժանք համարեց այս համեմատությունը և խնդրեց չպատասխանել այս մասով հարցին:
«Ես երբևէ չեմ պաշտպանել Ուկրաինայի իշխանությունների գործեալոճը նախկին վարչապետ Տիմոշենկոյի հանդեպ: Ինչ վերաբերում է շվեյցարական պանիրներին և այլ մտավարժանքներին, թույլ տվեք չպատասխանել այն պարզ պատճառով, որ ես հոգեթերապևտ չեմ» ,- Tert.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե կան որոշ «պետականասեր սյուզերեններ» , որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, «չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով)»: Եվ այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ, «հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը»` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ կառավարության դեմ»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանին Արմեն Աշոտյանը ներկայացրել էր կոնկրետ մեղադրանք՝ ասելով. «Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով, այդ «սուրբ» գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով)»:
Ի պատասխան,Նաիրա Զոհրաբյանը «վարչապետի ադյուտանտի կարգավիճակը ստանձնած գործիչներին» խորհուրդ տվեց ևս մեկ անգամ լսել իր ելույթը և համոզվել, որ ինքը երբևէ չի արդարացրել Տիմոշենկոյի կալանավորումները:
Այսուհանդերձ, Արմեն Աշոտյանի հիմնական ակնարկն այն է, որ ԲՀԿ պատգամավորները, որոնց հիմնական մասը կողմ է Մաքսային միությանն անդամակցությանը և սերտ կապեր ունի ՌԴ իշխանությունների և ՌԴ իշխող կուսակցության հետ, «ռիսկ» է անում խոսել ոչ թե ռուսների, այլ Հայաստանի Կառավարության դեմ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հստակ խոսել են այդ համաձայնագրի մասին, որով Ռուսաստանը հստակ պաշտպանել է իր շահը:
«Եվ Ռուսաստանին մենք չպետք է մեղադրենք իր շահերը պաշտպանելու համար, մենք մեղադրում ենք մեր կառավարությանը, որը չի պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը»,-ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:










