Ծանր ու լարված տարի` պարտության իներցիայի մատնված
-Ավարտին է մոտենում 2013 թվականը: Ի՞նչ կորուստներ կարձանագրեիք այս տարվա համար և ինչ ձեռքբերումներ, եթե, իհարկե, տեսնում եք այդպիսիք:
- Դժվարանում եմ ձեռքբերումներ գտնել։ Ծանր ու լարված տարի էր՝ քաղաքական, հանրային ու բարոյական կորուստներով, պարտության իներցիայի մատնված, անղեկ երկրի խորացող զգացողությամբ։ Նաև շատ թանկ ու հարազատ մարդկային կորուստներով։ Մեր մոլորված ու անստույգ երթում, նույնիսկ եթե հաջողություններ են եղել, հուսահատության, անհեռանկարայնության ու համատարած ցինիզմի մթնոլորտում դժվար է արժևորվել դրանք։ Տիգրան Համասյանի, Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի համերգներն ու մի քանի հրատարակություններ, մշակութային մեկ-երկու երևույթներ , երևի, թթվածնի այն փոքրիկ օազիսներն են, որ ներշնչել են, որ ամեն ինչ կորած չէ, դեռ կարելի է կամ հնարավոր, և իրավունք չունենք հանձնվելու։
- Ամեն տարի ընդդիմությունը արձանագրում է կորուստներ, այս տարին ինչով է առանձնահատուկ:
- Ընդդիմության համար, կարծում եմ, ամենամեծ կորուստը կորցրած հնարավորության իրողությունն է, քաղաքական կապիտալի փոշիացման ոչ հեռանկարային վարքագիծը։ Միասնական լինելու ընդդիմության անկարողության, միասին լինելու կամքի բացակայության, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների արդյունքում ժողովրդին հուսահատության նոր ալիքով սնելը։ Իսկ մեր հավաքական ամենամեծ կորուստը մեր պետականությունն ու անկախությունը վտանգող քաղաքական ուղեգիծն է, մեր սուվերենությունը խոցելի դարձնող քայլերը, որոնք հատկապես այս օրերին շատ հստակ տեսանելի են։
- ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի 15 միլիարդ կհատկացնի գնելով այդ երկրի բաժնետոմսերը, մեզնից «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասն են վերցնում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, և պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ նրանք պայքարում են, մենք՝ ոչ, արդյունքում՝ նրանց փորձում են առնել, մենք՝ հանձնվում ենք:
– Մենք շատ էժան ենք ծախվում, տրվելով, ինքնամոռաց ու անարժանապատիվ։ Օբյեկտիվորեն մենք ու Ուկրաինան Ռուսաստանի համար նույն գինը չունենք։ Մենք մեր այս խղճահարույց ու ստորացված վիճակին տարիներով ենք հասել՝ մեր ներքին ու արտաքին ապաշնորհ, անգրագետ քաղաքականությամբ, բանակցելու, ազգային շահ ու պատիվ պահելու անունակությամբ, երկրին որպես թալանի արոտավայր դիտելով, գողացված ձայներով աթոռ պահելով ու դրա դիմաց հատուցելով։ Մենք բոլորս ենք մեղավոր ու արժանի, մեր փոխարեն ոչ մեկը երկիր չէր կառուցելու, չկարողացանք գնահատել-արժևորել անկախությունը։
- Տիկի՛ն Գալստյան, ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերացման քննարկմանը պարզ դարձավ, որ ԼՂՀ-ն հնարավոր է՝ «Գազպրոմի» բաժանորդ չհամարվի. Հայաստանն իրավունք չունի պայմանագրում որևէ փոփոխություն մտցնել, այդ դեպքում ԼՂՀ-ն կհայտնվի խիստ անորոշ վիճակում։ Այսինքն՝ զուտ «Գազպրոմի» հայեցողությանը կթողնվի Ղարաբաղ մտնող գազի հարցը: Ըստ Ձեզ՝ չի ստացվում, որ Ղարաբաղի էներգետիկ անվտանգության հարցը պայմանավորված է «Գազպրոմի» բարի կամքով:
– Բայց միթե՞ հստակ է, թե Մաքսային Միության ձևաչափում որոնք են Արցախի անվտանգության, իսկ հետո նաև տնտեսական ու անվտանգության երաշխիքները, իհարկե՝ ոչ։ Մեր ընտրությունը մութ պարկի ընտրություն է։ Չէ որ մենք 49 տարվա անվտանգության պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ՝ կնքված երեք տարի առաջ։ Հրադադարը օրական քանի՞ հարյուր անգամ է խախտվում, ո՞ւր է մեր ռազմական դաշնակիցը, քանի՞ հայտարարություն ենք լսել։
Իսկ երբ գազային կապիտուլյացիան համաձայնագրերի արդյունքում Հայաստանն է կորցնում իր էներգետիկ անկախությունը, Արցախի մասին խոսելն ավելորդ է։
– Վերջին շրջանում ընդդիմություն-Կառավարություն հարցուպատասխանը, գնալով ավելի տարօրինակ դրսևորումներ է ստանում: Մասնավորապես, հանդիպելով մեծամասնության անզիջում դիրքորոշմանը, արդեն սկսում են անձնական վիրավորանքներ հասցվել՝ անհուսությունից: Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը Կառավարությանն անվանեց «գարշահոտ կենդանիներ», Լյովա Խաչատրյանը, «կոտրելու» համար համառ պնդումները, թե հնարավոր չէ, գազին օդ խառնել, բերեց սուրճի եռման կետի և սեքսի օրինակը: Ձեր կարծիքով՝ սա ո՞ւր կարող է հասցնել:
– Ոչ թե տարօրինակ, այլ՝ ցինիկ, հակաքաղաքակրթական։ Որևէ նորմալ, արժանապատիվ հասարակություն ունեցող երկրում այս իշխանությունը քսան անգամ հրաժարական էր տվել՝ մեր թիկունքում դավադրաբար կուտակած 300 մլն դոլար պարտքից մինչև երկրի ունեզրկումը, հարստահարումն ու հայաթափումը։ Բայց մենք արժանի ենք սրան՝ լռելով, հանդուրժելով, չմիավորվելով, ծախված ընտրությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չգործադրելով։ Իմունիտետը կորցրած երկիր ենք դարձել։ Քաղաքական մեծամասնության պաշտպանության միակ միջոցը մերկապարանոց ցինիկությունն է մնացել։ Այսպես է լինում, երբ բարոյականությունը բացակայում է քաղաքականությունից քաղաքական էլիտայում հայտնվում են անհայրենիք կիսագրագետները։ Տխուր է … վիրավորական, թե ինչ որակներ են ջրի երես ելել։
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ն ևս 50 տարի չի հեռանալու իշխանությունից:
– Հուսահատ ինքնամխիթարանք։ Իսկ ՀՀԿ-ն, իրոք, շատ երկար կմնա մեր պատմության մեջ՝ որպես երկիրը ձախողած քաղաքական ուժ, գուցեև հետո, սերունդները դասեր քաղեն նրա դառը դասերից։
- Ի՞նչ կարող եք ասել այն գործարարների մասին, որոնք կարծում են, որ Հայաստանի նման երկրում, որտեղ աղքատությունը համատարած է, կարող են ներմուծել կոկորդիլոսներ:
– Ես նրանց ասելիք չունեմ ... Նրանք այս համակարգի ծնունդն ու հենարանն են, պերճանքն ու թշվառությունը....










