Նախախորհրդարանը պատգամավորներին կոչ է անում վայր դնել մանդատները. բողոքի երթ (լուսանկարներ, տեսանյութ)

16:45 • 21.12.13

Ազգային ժողովում հայ–ռուսական գազային համաձայնագրերի վավերացումը ժողովրդի իշխանության յուրացումը լեգիտիմացնելու և ՀՀ ինքնիշխանությունը օտարին հանձնելու գործողություն է: Այս մասին այսօր՝ Ազատության հրապարակից Նախախորհրդարանի նախաձեռնած հերթական իրազեկման երթից առաջ, հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ ԱԺ պատգամավորներին կոչ անելով վայր դնել մանդատները։


«Նախախորհրդարանը ժողովրդին կոչ է անում օր առաջ միանալ ազգային– ազատագրական պայքարին, իսկ իրենց հայրենիքի ծառա համարող պատգամավորներին հորդորում ենք հրաժարվել գաղութացման և ցեղասպանության գործիքի վերածված պետական կառավարման համակարգին իրենց կապող պատգամավորական մանդատներից, համախմբվել ու ձևավորել ազատագրական պայքարի կառավարման մարմինը՝ հիմնադիր խորհրդարանը»,- ասաց նա:


Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ Նախախորհրդարանը համարում է, որ Հայաստանը կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որը հայ ժողովրդի իշխանությունը յուրացրել է բռնությամբ, կեղծիքով, խաբեությամբ: Այդ պատճառով ժողովրդի իշխանության յուրացմանը մասնակցած և դրա պայմաններում ձևավորված պետական կառավարման մարմինների՝ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության, Սահմանադրական դատարանի որոշումները չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը ու իրավաբանական ուժ չունեն:


Նա նկատեց, որ նման պայմաններում միակ ելքը համաժողովրդական դիմադրական պայքարն է, որը պետք է ղեկավարի ժողովրդի կամքն արտահայտող և պետական կառավարման համակարգից դուրս ձևավորվող ներկայացուցչական մարմինը՝ ապագա ՀՀ հիմնադիր խորհրդարանը:


«Միևնույն ժամանակ նշված միջազգային պայմանագրերի կնքումն ապահովող պաշտոնատար անձինք, այդ թվում դրանց վավերացման օգտին քվեարկող ԱԺ պատգամավորները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն որպես հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր կազմակերպության անդամներ, այլև՝ որպես հայրենիքի դավաճաններ»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:


Նա նաև հայտարարեց , որ Հայաստանում և Արցախում ինքնիշխան հայ ժողովրդի կամքի վերահաստատումից հետո համապատասխանաբար դադարեցվելու կամ չեղյալ են հայտարարվելու գործող վարչախմբի , ինչպես նաև նրա նախորդների կնքած այն միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են մեր ազգային շահերին: