Արկադի Վարդանյանը պետք է կարևոր ասուլիս հրավիրեր, դրանից 3 օր առաջ նրան ձերբակալեցին. փաստաբաններ (տեսանյութ)
Հասարակական գործիչ Արկադի Վարդանյանը, ով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է քաղաքացի Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի դեմ սպանություն նախապատրաստելու, օժանդակելու համար, կալանավորումից երեք օր առաջ պատրաստվում էր հանդես գալ հանրության համար շատ կարևոր ասուլիսով, սակայն դրանից երեք օր առաջ նրան կալանավորեցին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի շահերի պաշտպաններ Ռուբեն Կիրակոսյանը և Գայանե Գալոյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ այս քրեական գործի հետևում քաղաքական հետապնդումներ են:
«Սա Ավետյանի գործը չէ, սա Արկադի Վարդանյանի գործն է, նա ընկել է անիվների մեջ, դարձել է այն ձկնորսական փայտիկը, որի վրա պետք էր բռնել Արկադի Վարդանյանին»,-հայտարարեց Ռուբեն Կիրակոսյանը:
Փաստաբանները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արկադի Վարդանյանը 66 տարեկան է, ունի կենսագրություն, որը նրան բնութագրում է որպես «ազգասեր անձնավորություն», որը լինելով ապահովված անձ, ընտանիքը թողել էր Իսպանիայում և ապրում էր Հայաստանում: Այսինքն՝ որևէ շարժառիթ չուներ նման կարգի ստոր հանցագործություն կատարելու:
Գայանե Գալոյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անշարժ գույքը, որի համար, իբր պետք է կատարվեր հանցագործությունը՝ Արսեն Ավետյանի հոր թունավորումը և որից փայ պետք է ունենար Արկադի Վարդանյանը, իրավաբանորեն վաճառքի համար պիտանի չէր, որովհետև ուներ չորս սեփականատեր և Արսեն Ավետյանի հոր մահից հետո էլ գույքը նրան չէր փոխանցվելու:
Հիշեցնենք, որ տուժողը՝ Արսենի հայրը ևս բողոք չունի:
Փաստաբանները հայտարարեցին, որ վրդովված են և ուզում են հասարակությանը փոխանցել այս գործով նախաքննության և դատավարության մասին իրենց կարծիքը: Ըստ այդմ՝ քննությունը հավաքել է միայն մեղադրական ապացույցներ, այլ ոչ նաև արդարացնող և հեռու է եղել օբյեկտիվ քննությունից:
Փաստաբանները ապշեցուցիչ են համարում 66 տարեկան մարդուն տասը տարվա ազատազրկման դատապարտելը, և դա համեմատում են նրան քայլ առ քայլ ոչնչացնելու ձև:










