«Ժառանգության» մեկ տարին՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի. հասարակության և Րաֆֆի Հովհաննիսյանի սխալները

17:37 • 21.12.13

Գրեթե մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնաառաջադրվեց Հայաստանի նախագահի թեկնածու։ Tert.am–ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնում է անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձություններին, այն հարցին, թե ինչու չնահանջեց ՝ ի հեճուկս նրա, որ «Ժառանգության» առաջնորդը մշտապես հայտարարում էր՝«զադնի չկա»:

 

«Ես առաջին շարքում եմ եղել՝ որևէ մեկը բացի այսպես ասեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներից և մեր կուսակցական ակտիվից, որևէ մեկը առաջին շարքում չկար և այդ հարվածների տակ չմտավ»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց ժողովրդին և գնաց Ծիծեռնակաբերդ:

 

- Խորհրդանշական չե՞ք համարում, որ գրեթե մեկ տարի առաջ (դեկտեմբերի 31-ին ) Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվեց, անցավ մեկ տարի՝ որևէ հռչակված նպատակ այդպես էլ չիրականացավ: Հիշո՞ւմ եք՝ իր հայտնի արտահայտությունը՝ «զադնի չեմ տալու»։

 

- Ինքը այդպես էլ ի տարբերություն այլոց «զադնի չտվեց» և նահանջ չարեց, որևէ գործարքների չգնաց: Իսկապես, անկեղծ ցանկություն ինչպես ուներ պայքարելու և երկրում ինչ-որ բան փոխելու, այդպես էլ մնաց: Եվ այդ առումով չեմ կարծում, որ քաղաքական ուղեգծի փոփոխություն իր մոտ տեղի է ունեցել: Խորհրդանշական … եթե մեկ տարի է անցել, ուրեմն որոշակի պատմական թիվ է դա, բայց կարծում եմ՝ խորհրդանշականն այն է, որ մենք տեսել ենք, որ քաղաքացիների մոտ հակառակ հուսահատությանը կա նաև պայքարելու ձգտում: Երիտասարդների մոտ, որոշ այլ խմբերի մոտ այդ ցանկությունը կա, և հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի դա միասնական պայքար կդառնա: Տեսնենք:

 

- Ուղիղ հակառակի մասին են խոսում, որ ժողովրդական ընդվզման ալիքը պարպվեց և լցվեց ավելի մեծ հուսահատությամբ: Եվ որ ինքը ևս մեկ անգամ կոտրեց մարդկանց հավատը:

 

- Չեմ կարծում, չեմ ընդունում էդքան, որովհետև չեմ հիշում, որ այսպես ասեմ՝ այդ վերլուծաբանները, որ անընդհատ նշում են, թե, իբր, կոտրեց և այլն, պայքարողների շարքերում լինեին:

 

- Մամուլն է նշում, որը Ազատության հրապարակում էր, երթերում՝ լուսաբանելիս, բայց՝ էր:

 

- Մամուլը վերլուծաբանների շուրթերով է նշում: Երկրորդ. ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կկատարվեր, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չառաջադրվեր: Կարող է՝ հուսահատությունն ավելի մեծ լիներ, որ մի հոգի չկա, որ առաջադրվի, որևէ մեկը չկա, որ պայքարի: Չէ՞ որ այդ պայքարի շարունակությունն էր, որ խմբեր առաջացան, խմբերը նաև շարունակում են այսօր: Ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Երրորդ. հասարակությունն ինքը տեսավ, որ ինքը շատ ակտիվ չմասնակցեց այդ պրոցեսներին, կարող է՝ մենք էլ ինչ-որ սխալներ ունեինք, բայց հասարակությունը, քաղաքական ուժերը, եթե շատ ակտիվ մասնակցեին, ապա մենք կտեսնեինք, որ այլ պատկեր կլիներ: Եթե լրագրողները գրեին, որ՝«քաղաքացինե՛ր դուրս եկեք պայքարելու»: Ես այդպիսի նյութեր կարծեք թե չեմ հիշում: Ուստիև՝ այդ ամենի համար մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին, այդքան էլ արդարացի չէ: Ուզում եմ մի համեմատություն անցկացնել Ուկրաինայի և Հայաստանի միջև, Հայաստանի և Վրաստանի միջև, և տեսնում ենք, որ այնտեղ քաղաքական ընդդիմությունը միասնական է պայքարում, տեսնում ենք, որ այնտեղ ընդդիմադիր կոչերով հանդես եկող լրատվամիջոցներ կան, տեսնում ենք, որ այնտեղ տեսական հատվածի ներկայացուցիչների աջակցություն կա, Հայաստանում որևէ բան չի եղել: Ողջ պայքարը, փաստորեն, թողնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» ուսերին, հետընտրական պայքարում, բարեբախտաբար, մի քանի քաղաքական ուժերից միացան անհատ գործիչներ, բայց խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերից ոչ ոք, ըստ էության, չմիացավ: Այսինքն՝ այդ իրադարձություններին օբյեկտիվորեն պետք է նայենք. եթե ուղղակի քննադատել է, կարել է քննադատել, եթե ցեխարձակել է, կարելի է նաև ցեխարձակել, բայց եթե օբյեկտիվորեն ենք նայում, տեսնում ենք, որ դա էր:

 

- Իսկ օբյեկտիվորեն ո՞րն եք համարում ձեր սխալները, օրինակ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ գնա՞լը:

 

- Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ գնալը Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն է եղել՝ բախումներ, արյունահեղություն թույլ չտալու համար, որովհետև քաղաքացիների թիվը շատ ավելի նվազ էր, քան Ոստիկանությանը: Երկրորդ. Վլադիմիր Գասպարյանը ինքն է միացել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Երրորդ. Րաֆֆի Հովհաննիսյանը դրանով փորձել էր ինչ-որ սիմվոլիկ ուղերձ հղել, որ 1915 թվականին 1,5 միլիոն հայեր զոհվեցին, ցեղասպանության ենթարկվեցին, որի արդյունքում կորցրեցինք մեր հայրենիքը, հայրենազրկվեցինք: Այսօր մենք կեղծված ընտրություններով, այսպիսի կառավարման համակարգով գրեթե արդեն 1,5 միլիոն հայերի արտագաղթի պատճառ ենք հանդիսացել և այսօր նորից կորցնում ենք հայրենիքը: Այնպես որ, դա սարքել մատի փաթաթան և անընդհատ ինչ-որ ցինիկ արտահայտություններ անել, ընդունելի չէ: Էդ դեպքում ես հակադարձում եմ. ես ոստիկանների շղթան անցել էի, որևէ մեկը չկար, ո՞ւր էիք, չկայի՞ք:

 

- Մարդիկ կային, որ կային, Բաղրամյան պողոտայում էին:

 

- Րաֆֆի հովհաննիսյանը ոստիկանների առջև իր ընտանիքի բոլոր անդամների հետ կանգնած էր:

 

-Նիկոլ Փաշինյանն էլ և այլ մարդիկ ՝ իրենց ընտանիքներով կանգնած էին Բաղրամյան պողոտայում ոստիկանների առջև:

 

- Ես առաջին շարքում եմ եղել՝ որևէ մեկը, բացի այսպես ասեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներից և մեր կուսակցական ակտիվից, որևէ մեկը առաջին շարքում չկար և այդ հարվածների տակ չմտավ, կողքը կանգնած՝ նայում էին: Ես, որ ոստիկանական շղթան անցա, հարվածներ ինձ վրա վերցրի, որևէ մեկը չկար կողքիս, իսկ կանգնածների թիվն էլ շատ նվազ էր: Իհարկե, կարելի է այդ առումով փորձել ինչ-որ բաներ ասել, բայց օբյեկտիվորեն պետք է նայել, 10 հազարի չափ ոստիկան կար, բայց 10 հազարի չափ քաղաքացի կա՞ր գոնե: Եվ ես խոսում եմ Բաղրամյանի մասին, և Նիկոլ Փաշինյանի երեխաները, ինչպես նաև իմ երեխաները, որ ցերեկվանից այնտեղ էին, այնտեղ բացարձակ անելիք չունեին: Բաղրամյանի վրա մեծերը պետք է կանգնեին և ոչ թե երեխաները: Ինչ վերաբերում է անհատ քաղաքական գործիչներին, նորից եմ կրկնում՝ բարեբախտաբար, այդպիսիք կային, որ հետընտրական պրոցեսում միացան, բայց քաղաքական ուժերը, խորհրդարանում չմիացան, հասարակությունն էլ այդքան ակտիվ չէր: Թեկուզ ապրիլին 9-ին էլ: Մենք տեսանք, որ քաղաքացիների ուղիղ կեսը մինչև Բաղրամյան գնալը հեռացավ, մի մասը Բաղրամյանում կողք քաշվեց: Այդ թվում՝ կային քաղաքական գործիչներ, ովքեր մեր կողքին ասացին, որ «մենք դեմ ենք ուժով հարց լուծելուն» և դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո հայտարարեցին, որ եթե պետք լինի՝ ուժին ուժով կպատասխանենք: Այսինքն՝ ընթացքում սաբոտաժին ենթարկեցին:

 

Այնպես որ, որոշակիորեն ընդունելով մեր սխալները, իսկ դա այն է, որ, երևի թե, չկարողացանք ողջ ընդդիմությանը միավորել, շատ խոստումներ տալ ընդդիմության ներկայացուցիչներին, բայց մենք գնում էինք ոչ թե իշխանություն վերցնելու ու պաշտոններ բաժանելու, այլ գնում էինք երկրում բարեփոխումներ անելու։

 

-Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած ռազմավարական կենտրոնը փակվում է ֆինանսների բացակայության պատճառով:

 

- Սրա համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ հասցեատեր կա, Մանվել Սարգսյանը, ում կարող եք այս մասին հարցնել, ինքը ավելի ճիշտ կպատասխանի այդ հարցին: Եվ կարծում եմ՝ Ռազմավարական կենտրոնն առաջին հերթին մեր քաղաքացիներին է պետք, և նրանք պետք է մտածեն՝ ցանկանո՞ւմ են այն ֆինանսավորել: Եվ կարծում եմ, որ եթե ֆինանսական խնդիրներ կան, դրանք ունեն օբյեկտիվ պատճառներ, Հայաստանում որևէ մեկ ընդդիմությանը և անկախ վերլուծական կենտրոնին ֆինանսավորելու ցանկություն չի ունենում: Վստահ եմ, որ մեր հարազատները, բարեկամները կամաց-կամաց հրաժարվում են արդեն Հայաստանի հետ հարաբերություններ ունենալուց:

 


- Պարո՛ն Մարտիրոսյան, որտեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

-ԱՄՆ-ում է՝ իր հարազատների հետ:

 

-Ամանորին Հայաստանում չի՞ լինելու:

 

- Չեմ կարող ասել, որովհետև մի շարք հանգամանքներից է կախված, համենայնդեպս ես իրենից հարցրել եմ, ասել է՝ «կփորձեմ մինչև Նոր տարի» գալ:

 

- Գալիք տարում սպասվում է «Ժառանգության» համագումար և նախագահի ընտրություններ:

 

- Մեր մոտ մի փոքր այլ է՝ վարչության ընտրություն է, որն իր մեջից ընտրում է նախագահ, ուստիև՝ ուղիղ ընտրություն չկա: Ամենայն հավանականությամբ, կլինի գարնանը:

 

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Զարուհի Փոստանջյանը դառնա կուսակցության նախագահ կամ Դուք:

 

- Ցանկացած կուսակցական, ըստ մեր կանոնադրության, կարող է լինել վարչության նախագահ. որևէ մեկին ո՛չ կժխտեմ, ո՛չ կհաստատեմ, թեև կարծեք թե Զարուհի Փոստանջյանը իր հարցազրույցներից մեկում նման ցանկություն չէր հայտնել, բայց համագումարը կգա, պարզ կդառնա: Ինչ վերաբերում է ինձ կամ մեկ ուրիշին, նորից եմ կրկնում՝ ցանկացած կուսակցականի դեպքում նման հնարավորություն կա: Չմոռանանք, որ «Ժառանգություն» վարչության նախագահ և՛ ես եմ եղել, և՛ տիկին (Անահիտ – խմբ.) Բախշյանը: