«Գազային» պայմանագիրն ստորացուցիչ է, և սա մի ամբողջ համալիր է ՄՄ-ի հետ. Անահիտ Բախշյան

21:54 • 21.12.13

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որն այսօր ներկայացված էր վավերացման Ազգային ժողովում, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անաիտ Բախշյանի համար նվաստացուցիչ է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում վավերացման քվեարկությունը հետաձգվեց:

Քվեարկությանը նախորդած քննարկումն անցավ բավականին բուռն, սուր հայտարարություններ հնչեցին:

 

«Այս համաձայնագիրը պարզապես՝ ստորացուցիչ է, և սա մի ամբողջ համալիր է Մաքսային միության հետ կապված»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:


Մյուս վտանգավոր կետն այն է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայկական կողմը երաշխավորում է ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար և ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշում էր, որ այս կետով, փաստացիորեն, հարցականի տակ է դրվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ առաքվող գազի խնդիրը, և այս ուղղությամբ որևէ երաշխիք այս կամ այլ համաձայնագրերով տրված չէ:
 

Անահիտ Բախշյանը ստորացուցիչ է համարում նաև այն, որ Ղարաբաղի համար այսքան պայքարից հետո Ղարաբաղի էներգետիկ անվտանգության հարցը մնում է «Գազպրոմ»-ի որոշելիքը:
«Իմ կարծիքով՝ իրենք արդեն ունեն մտքում, որ Արցախը Մաքսային միության մաս չի լինելու, և անցակետ է լինելու այնտեղ»:


Թեև Անահիտ Բախշյանը չի բացառում, որ եթե «Գազպրոմը» Ղարաբաղը դարձնի բաժանորդ, ապա պաշտոնական Երևանը սա կմեկնաբանի հետևյալ կերպ. Հայաստանը Մաքսային միություն է մտնում Ղարաբաղի հետ: