ՀՀ էներգետիկ զարգացումը լիովին կհայտնվի ՌԴ–ի ձեռքում, եթե ԱԺ–ը վավերացնի գազային համաձայնագրերը. Անդրիաս Ղուկասյան

13:06 • 21.12.13

«Դեմ ենք գազի թանկացմանը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը,կարծիք հայտնեց, որ եթե երկուշաբթի օրը Ազգային ժողովը վավերացնի «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու մասին երեք համաձայնագրերը, ապա Հայաստանի էներգետիկ զարգացումը ամբողջովին կհայտնվի Ռուսաստանի ձեռքում:

 

Քաղաքագետն ընդգծեց, որ բաժնեմասի օտարման համաձայնագիրը վերածվեց ռուսական «Գազպրոմի» արտոնյալ վիճակի մասին արձանագրության:

 

«Միակ արտոնությունը, որ այս համաձայնագրով տրվում է Հայաստանին, մաքսային տուրքից ազատելն է, բայց դա անիմատ բան է, քանի որ եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, դա առանց այդ էլ ենթադրում է, որ մաքսատուրքեր չեն լինելու այդ երկրների միջև: Միակ արտոնությունը Մաքսային միության անդամ երկրների համար նախատեսված արտոնություններն են: Էական են Հայաստանի կողմից Ռուսաստանին տրվող արտոնությունները»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

 

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այսօր հասարակությունը մոլորության մեջ է և չի գիտակցում, թե ինչ է իրեն սպառնում: «Այս մթնոլորտում քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները ունեն խնդիր՝ իրազեկել հանրությանը այս ամենի մասին»,- ասաց նա:

 

Նախաձեռնության մեկ այլ անդամ Արամ Գրիգորյանը նշեց, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է մի հարց, որը պետք է քննարկվեր դեռ տարիներ առաջ, երբ ՀՀ կառավարությունը գաղտնի բանակցություններ էր վարում Գազպրոմի ու ՌԴ կառավարության հետ:

 

«Կառավարությունը ԱԺ-ից գաղտնի վարել է բանակցություններ, դրանք նույնիսկ բանավոր են եղել: Սա մեծ խնդիր է: Եթե 2011-ին տեղյակ պահեին հանրությանը գազի գնի բարձրացման խնդրին, մենք կունենայինք բոլորովին այլ Ազգային ժողով, չէինք ունենա քաղաքական մի խումբ, որ կարողանար ցանկացած՝ իրեն ցանկալի որոշում կայացներ»,-ասաց նա:

 

Արամ Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանի բոլոր խնդիրները կապված են կառավարման համակարգի վատ աշխատանքի հետ Ըստ նրա՝ Հայաստանում բացակայում է պատասխանատվության ինստիտուտը, որի պատճառով էլ այս իրավիճակում ենք հայտնվել:

 

«Ես երեկ մտածում էի, թե ի վերջո ինչ է անելու ԱԺ-ն, ընդդիմադիրները հայտարարություններ արեցին, վերջացան, բայց որն է լինելու քայլը: Եթե դրսում երեկ լինեին տասնյակ հազարավոր մարդիկ, դա կարող էր ազդեցություն ունենալ ներսում գտնվողների վրա»,-ասաց նա:

 

Արամ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ փորձել է բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, ոչ թե մեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ներկայացնում է իր երկրի շահերը: