Արդար գողը. իսպանացին, սեփական ազատությունը վտանգելով, գաղտնազերծել է մանկապիղծի
Հասարակության մեծ մասը գողերին ընկալում է որպես ոչ ազնիվ ու խարդախ անձնավորությունների, սակայն պարզվում է, որ նրանց մեջ էլ արդար մարդիկ կան։
Ինչպես նշում է CNN-ը, Իսպանիայի հարավում տեղի է ունեցել ուշագրավ մի դեպք. գողը, վտանգի տակ դնելով սեփական ազատությունը, գաղտնազերծել է տարեց մի մանկապիղծի։
Գողը մի թոշակառուի տնից գողացել է տեսախցիկ ու տեսագրություններ, որոնք հետաքրքրությունից դրդված դիտել է։ Սակայն արդյունքում նա հայտնաբերել է, որ թոշակառուն, ում տնից ինքը գողություն է կատարել, սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել դեռահաս տղաների նկատմամբ։
Գողն այդ տեսագրությունները դրել է տոպրակի մեջ ու ոստիկանություն կանչել։ Նա նաև մի գրություն է թողել, որում նշվել է մանկապիղծի հասցեն։
«Ես գիտակցում եմ, որ կարող եմ ինքս բռնվել, սակայն չեմ կարող խղճիս դեմ գնալ»,-գրել է տեսախցիկի գողը։ Այժմ մանկապիղծը ձերբակալված է, իսկ «արդար» գողը դեռևս հետախուզման մեջ է։










