Ընդդիմությունն անցել է «լեքսիկոնի», որը, սովորաբար, գործածվում է նախընտրական շրջանում. Կարեն Քոչարյան

20:00 • 21.12.13

Հայաստանի քաղաքական դաշտում խախտվել է ինչ-որ մի օրինաչափություն, որը պրակտիկայում իրեն մինչ այս ցույց է տվել:
Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության՝ գնալով ագրեսիվ դարձող պահվածքին:


«Սովորաբար՝ նման «լեքսիկոնի» անցնում են նախընտրական շրջանում: Իսկ մենք հետընտրական շրջանում ենք և՝ մինչև 2017 թվականը. հետևաբար՝   պետք է, որ իրավիճակն ավելի հանգիստ լիներ: Սովորաբար՝ այդպես է եղել»,-ասաց Կարեն Քոչարյանը, ով այս «սրացումների» պատճառը համարում է երկրում օրեցօր խորացող սոցիալական վատ վիճակը:


«Կարծում եմ՝ քանի որ սոցիալական վիճակը մեղմ ասած՝ ծանր է, շատ-շատերը փորձում են այդ ֆոնի վրա ընտրախավի ձայները հավաքել, բայց թե ինչքանո՞վ այդ ձայները պետք կգան հետագայում, ինչքանո՞վ կհիշվեն երեք տարի հետո, չեմ կարող ասել. եթե, իհարկե, երեք տարի հետո է լինելու»,-նշեց քաղաքագետը:


Հիշեցնենք, որ վերջերս Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում դիմելով Կառավարությանը՝  հայտարարեց, որ նրանք «գարշահոտ կենդանիներ են», այլընտրանք հանդիսացող «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ «սա պետությու՞ն է, թե «սխոդկա», Վահան Հովհաննիսյանը Կառավարությանը  զգուշացրեց, որ զգույշ քայլեն «դալաններով», որպեսզի իրենց չծեծեն: Մյուս կողմից էլ՝ վիրավորանքներից զերծ չմնաց իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմության մերկությունը վաղուց է տեսել, բայց չի գայթակղվել, ընդդիմությանն անվանեց ճիվաղներ, «փանջունիներ» ու դավաճաններ:




Կարեն Քոչարյանի մեկնաբանությամբ՝ ագրեսիան որոշ դեպքերում հասնում է խուլիգանության:


«Ընդ որում՝ որոշ դեպքերում երկու կողմից էլ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության: Երեք կողմից, տվյալ պարագայում: Ասում են՝ ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք.  առկա դեգրադացիան վերջը պետք է գար դրան, երբ մի կողմից՝ կոճակ սեղմողներ են, մյուս կողմից՝ պարզ հայհոյանք տվողներ և գրեթե՝   քաղաքական կոմպոնենտներ»:


Կոնկրետ Գալուստ Սահակյանի արտահայտությունների մասով Կարեն Քոչարյանն ասելիք չունի. «Եկեք Գալուստ Սահակյանից չխոսենք, հո КВН չե՞նք խաղում»: