Խոդորկովսկին ազատ կարող է վերադառնալ Ռուսաստան. Պեսկով

15:22 • 21.12.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բեռլին մեկնած «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ազատ կարող է վերադառնալ հայրենիք, գրում է gazeta.ru-ն:

 

«Նա ազատ կարող է վերադառնալ Ռուսաստան»,- գործակալությունը մեջբերել է Պեսկովի խոսքերը: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել պայմանները՝ կապված Խոդորկովսկու ազատ արձակման հետ, ինչպես նաև հնարավորությունը, որ նա կմասնակցի երկրի քաղաքական կյանքին:

 

Հարցազրույցի ընթացքում մամուլի քարտուղարը նաև նշել է, որ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարը Վլադիմիր Պուտինին երկու նամակ է գրել. մեկը՝ կարճ և պաշտոնական, իսկ մյուսը՝ ընդլայնված և անձնական:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը լքած Միխայիլ Խոդորկովսկին շաբաթ Բեռլինում հանդիպել է իր որդու՝ Պավելի հետ։

 

Հիշեցնենք, որ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարը Պուտինին ներման խնդրագիր էր գրել, որից հետո նախագահը ստորագրել էր նրան ներում շնորհելու մասին հրամանագիրը։