Մուհամեդ Մուրսին դատարանի առաջ կկանգնի նաև բանտից փախչելու և ոստիկանների սպանելու մեղադրանքով
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ու ևս 132 մարդ դատարանի առաջ կկանգնեն բանտից փախչելու փորձի և սպանության համար, Yahoo News-ի փոխանցմամբ հայտնել է Եգիպտոսի դատախազությունը:
Խոսքը 2011-ի անկարգությունների ժամանակ Մուրսիի` բանտից փախչելու և այդ ընթացքում սպաների սպանվելու մասին է: Իսկ մեղադրյալներից 70-ը ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» շարժումների անդամներ են: Վերջիններս դատի են ենթակա հեռակա կարգով:
Այժմ եգիպտական արդարադատությունը պնդում է, որ 2011-ին Մուբարաքի ռեժիմի դեմ գործողությունների ժամանակ այս շարժումների անդամները, ինչպես նաև Մուսուլման եղբայրների և ջիհադիստների ներկայացուցիչները սպանել են ոստիկանների և հազարավոր բանտարկյալների օգնել են փախչել:
Մուրսին այն ժամանակ բանտից փախել էր Մուսուլման եղբայրների այլ անդամների հետ 2011-ի հունվարի 28-ին:
Մինչ այդ նրան մեղադրանք էր ներկայացվել իր միամյա կառավարման ընթացքում ընդդիմադիր ակտիվիստների սպանությունը հրահրելու համար: Այս շաբաթ նա դատարանի առաջ կկանգնի նաև ՀԱՄԱՍ շարժման օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով:










