Սուրբ Ծնունդն ինձ համար հույս է և քնքշություն. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս տարի առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորի պապական գահին: Դեկտեմբերի 25-ի կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից նա հավատացյալներին կդիմի ավանդական ուղերձով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Տոների նախօրեին Հռոմի պապը հարցազրույց է տվել թուրինյան «Stampa» թերթի վատիկանիստ Անդրեա Տորնիելլիին, որտեղ, մասնավորապես, կիսվել է քրիստոնյաների համար այդ կարևոր իրադարձության մասին մտորումներով: «Սուրբ Ծնունդն ինձ համար հույս է և քնքշություն»,- խոստովանել է Ֆրանցիսկոսը:
Նա պատմել է պատարագի ավարտից հետո անհատական աղոթքի համար գիշերը եկեղեցում մնալու իր սովորության մասին: Նրա խոսքով՝ եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է «սառը եկեղեցի, որը չգիտի՝ ուր գնալ, և ընկնում է գաղափարախոսությունների և աշխարհիկ ոգու շղթաների մեջ»:
Ֆրանցիսկոս պապը նաև սուրբծննդյան տոների վուլգարացման դեմ է արտահայտվել. «Երբ մարդն ընդունակ չէ հասկանալ այդ ուրախությունը կամ գտնվում է մի իրավիճակում, որը նրան թույլ չի տալիս դա անել, նա այդ տոնն ապրում է աշխարհիկ զվարճանքով: Սակայն խոր ուրախության և աշխարհիկ զվարճանքի միջև տարբերություն կա»:










