Ինչո՞ւ Հայաստանում Մայդան տեղի չունեցավ. Լ. Տեր Պետրոսյանը երեք պատճառ է մատնանշում. ilur.am

20:20 • 21.12.13

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ilur.am կայքը։

 

Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է մեկ հարցի՝ ինչո՞ւ Հայաստանում Մայդան տեղի չունեցավ, և հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։

 

«Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։


1. Պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականն, իմ կարծիքով, պատմական է։ Հակառուսական տրամադրված որոշ անհատների և մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։

 

Հետևաբար, անհնար է նաև այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին։ Այս ամենը չի նշանակում, անշուշտ, որ հայ ժողովուրդը տառապանքներ չի կրել ցարական Ռուսաստանում կամ Խորհրդային միությունում։ Սակայն, ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի, այդ տառապանքները չեն սպառնացել նրա ֆիզիկական գոյությանը և ամենևին չեն բխել հայերի նկատմամբ ռուսների տածած խտրական վերաբերմունքից։

 

Ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում հայ ժողովուրդը տառապել է այնքան, որքան կայսրության մնացյալ բոլոր ժողովուրդները, ոչ ավելի, և ոչ պակաս։ Այս արձանագրումները ոմանք կարող են գնահատել որպես դրական, իսկ ոմանք՝ որպես բացասական երևույթ։ Ի տարբերություն այդպիսիների, սակայն, ես դրանք դիտում եմ որպես օբյեկտիվ իրականությունից բխող կանխադրույթներ, որոնք անհրաժեշտ են պետականամետ քաղաքական ռազմավարության մշակման և իրականացման համար։

 

Հետևաբար, ինձ համար հավասարապես մերժելի է թե՛, այսպես կոչված, արևմտամետների մոտեցումը, որը բացարձակապես չի ձգտում հաշվի նստել նշված գործոնի հետ, և թե՛ զորիբալայանական տիպի ռուսամետների գյուլիստանյան փիլիսոփայությունը, որը, անկախ կոնկրետ քաղաքական նկատառումներից կամ ի հեճուկս այդ նկատառումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անկարողության (իմպոտենցիայի) խոստովանություն»։

 

Առավել մանրամասն՝ այստեղ։