Հալեպի ՀՄԸՄ մարզավանը հրթիռակոծության հետևանքով վնասներ է կրել (լուսանկարներ)

14:45 • 22.12.13

Հալեպի Ազիզիե շրջանում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պարտեզ-մարզավանի շրջակայքը ենթարկվել է հրթիռակոծման։


Ինչպես տեղեկացնում է Եռագոյն արևմտահայերեն լուրերի կայքը, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրին մոտ։

 

ՀՄԸՄ պարտեզին կից շենքի վրա ընկած արկի պայթյունի հետևանքով հրկիզվել է մարզավանի բասկետբոլի և թենիսի փակ դաշտերի առաստաղները։

 

Դեպքի վայր հասած հրշեջ-փրկարարները կարողացել են կանխել կրակի տարածումը։ Հարակից բնակարանն ամբողջությամբ այրվել է։

 

Մարզավանի կողքին գտնվող շինության մեջ պահվել են ժողովրդի կարիքների համար նախատեսված հեղուկ գազի բալոնները, որոնք, բարեբախտաբար, այդ պահին դատարկ են եղել։

 

Արկերի բեկորներ են ընկել նաև Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի «Կիլիկիա» շենքի վրա. բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան։