Կուբան պատրաստ է ևս 55 տարի ապրել ամերիկյան էմբարգոյի պայմաններում. Ռաուլ Կաստրո

12:00 • 22.12.13

Կուբան պատրաստ է ևս 55 տարի ապրել ամերիկյան էմբարգոյի պայմաններում, սակայն կողմ է արտահայտվում ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։
 

ԱՄՆ-ն և Կուբան դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն 1977թ.-ի պայմանագրի համաձայն՝ Հավանայում և Վաշինգտոնում գործում են երկու երկրների շահերը ներկայացնող ներկայացուցչություններ։ Վաշինգտոնը Կուբայի դեմ պատժամիջոցներ է կիրառել 1961թ.-ից՝ Ֆիդել Կաստրոյի կառավարությունը տապալելուն ուղղված գործողության անհաջող ավարտից հետո։

 

«Վերջին տարիներին մենք կարողացել են խորհրդակցել փոխադարձ շահեր ներկայացնող թեմաների մասին։ Մենք կարծում ենք, որ հնարավոր է լուծել նաև այլ հարցեր, և քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, դա ցանկանում է մեր ժողովուրդն ու ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը»,-ասել է Կաստրոն։

 

Նա հիշեցրել է, որ Հավանան բազմիցս պատրաստակամություն է հայտնել հավասարության և անկախության, ինքնիշխանության և ինքնորոշման հիմքով Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ։