ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները «գազային» համաձայնագրերը համարում են չվավերացված և կդիմեն ՍԴ (ուղիղ, լուսանկարներ)

11:58 • 23.12.13

Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է





14.19

ԱԺ՝ Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ ԱԺ «Հայ ազգայի կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց խորհրդարանական 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ ասելով, որ 2013թ. դեկտեմբերի 23–ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ և ՌԴ-ի միջև «ՀայՌուսգազարդի» առուվաճառքի համաձայնագրի վավերացման մասին որոշումը չի ընդունվել», քանի որ ԱԺ-ի կողմից օրենքն ընդունվել է էլեկտրոնային քվեարկության բացակայության պայմաններում, հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ի բացակայության պայմաններում, ինչն ԱԺ «Կանոնակարգ օրենքի» խախտում է, և իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։


«Մենք իրավիճակը հասցրինք մի հանգրվանի, երբ այս համաձայնագրի վավերականությունը հավասարեցված է 0-ի»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ 
«Ո՛չ Մաքսաին միությանը»,- արձագանքեցին հավաքվածները։


Անդրադառնալով հետագա անելիքների մասին հարցին Լևոն Զուրաբյանը նշեց, որ պետք է հետևողական պայքարի սցենարի անցնեն։



«Մենք կարևորագույն գործը կատարված ենք համարում և 4 ուժերով մեր առաջին քայլը լինելու է այն, որ 4 խմբակցությունները դարձյալ դիմելու են Սահմանադրական դատարան։ «Բայց մենք հասկանում ենք, որ Սահմանադրական դատարանն այս իշխանությունների կցորդն է, և անելու է այն, ինչ կթելադրի Սերժ Սարգսյանն ու նրա հանրապետական թիմը»,-ասաց նա։


Չորս քաղաքական ուժերի հետագա համատեղ անելիքների մասին Զուրաբյանը խոստացավ տեղեկացնել ավելի ուշ։


Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը։



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23 դեկտեմբերի 2014 թվական


1. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը (<ժառանգություն>):

5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:
7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

ՀՅԴ - Արմեն Ռուստամյան (խմբակցության ղեկավար)
ԲՀԿ - Նաիրա Զոհրաբյան (խմբակցության քարտուղար)
ՀԱԿ - Լևոն Զուրաբյան (խմբակցության ղեկավար)
«Ժառանգություն» - Զարուհի Փոստանջյան (խմբակցության ղեկավար)


 



14.12


Այս պահին «Հայ ազգային կոնգերս» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարդում է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների համատեղ հայտարարությունը։ Լևոն Զուրաբյանը նշեց, որ գազային համաձայնագրերի վավերացման հարցով ձեռքով քվեարկելու ժամանակ տեղի են ունեցել խախտումներ հետևաբար այդ համաձայնագրերը ՀՀ–ի կողմից վավերացված չեն կարող համարվել։ 




 




13.59

Այս պահին ցուցարարները ԱԺ–ի դիմացից իջնում են դեպի Ազատության հրապարակ։ 




Զարուհի Փոստանջյան. Քվեարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, մենք դա արձանագրել ենք։ Ստեղծեք ըմբոստության, ընդվզման օջախներ։ Մենք պայքարը շարունակելու ենք։ Նայում եմ բոլորդ աչքերից և հասկանում, որ սպասում եք։ Եկե՛ք կազմակերպենք։ Պետք միասին աշխատենք հանրապետության բոլոր բնակավայրերում։
 



13.20


Արամ Մանուկյան. Ձեր շնորհիվ չորս խմբակցություններ միասնականացան։ Եթե ուզում եք ինչ–որ հարց լուծել, այդ չորս խմբակցությունները պետք է լինեն միասնական։ Մենք ձեզ հետ ենք։ Չորս խմբակցությունները հիմա համատեղ ասուլիս են անելու առ այն, որ քվեարկություն չի կատարվել, հանձնաժողովի նիստ քվեարկությամբ տեղի չի ունեցել։


13.14


Լևոն Զուրաբյան. Մենք հիմա նորից կհավաքվենք Ազգային ժողովում։ Իսկ ձեզանից խնդրում ենք միայն մեկ բան. լինել հետևողական ինչպես այսօր։
 


13.11

Նաիրա Զոհրաբյան։ Այս խայտառակ իրավիճակից հետո չորս քաղաքական ուժեր ոչ լեգիտիմ քվեարկությունից հետո լքեցին դահլիճը։ «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա հայտարարությամբ։

 


13.07

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները քվեարկությունից հետո դուրս են եկել նիստերի դահլիճից և միացել ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին։ 




12.58


Դավիթ Շահնազարյան։ Միայն այս ակցիաների միջոցով է հնարավոր այս երկրում բան փոխել։ Այս երկիրն ազատելու ենք այս իշխանություններից, ովքեր մեր հասարակությանը դրդում եմ ապստամբության։

 



12.55


Տիգրան Խզմալյան։ ԱԺ–ի դիմաց եկածները հիմնականում երիտասարդներ են, ովքեր ցանկանում են հանրապետություն՝ հանրության պետություն, այլ ոչ թե ստրկապետություն։ Ստրուկը մնում է ստրուկ։



12.47



Ոստիկանությունը բարձրախոսով տեղեկացնում է, որ բողոքի ակցիան արտոնված չէ։ 




12.44


Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց ակցիան։ Այդ ընթացքում 77 կողմ ձայներով ԱԺ–ը իշխող կոալիցիան կողքմ քվեարկեց դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կնքված մի քանի համաձայնագրերին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ նիստին ներկա պատգամավորը դեմ քվեարկեցին և լքեցին դահլիճը։







12.25


Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկում են «Ազատ անկախ Հա–յաս–տան»



12.16


Ցույցի մասնակից։ Կիևում, Թայլանդում ոստիկանները եկան և պաշտպանեցին ցուցարարներին, իսկ մեր ոստիկանները ողորմելի իրավիճակում են հայտնվել՝ պաշտպանելով իշխանություններին։
 




12.03


Բաղրամյան փողոցի վրա հավաքվածներին Ոստիկանությունը տեղեկացրեց, որ բողոքի ցույցը արտոնված չէ, ինչինն ցուցարարները սուլոցներով պատասխանեցին։

 



Ազգային ժողովի Բաղրամյան և Դեմիրճյան մուտքերի մոտ հավաքվել են մի քանի հարյուր քաղաքացիներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ԱԺ–ում «գազային» համաձայնագրերի վավերացման դեմ։


Քաղաքացիական ակտիվիստների մեջ են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան, «Հայ ազգային կոնգրեսի» երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և այլոք։


Ակտիվիստները Դեմիրճյան մուտքի մոտ հավաքվել են, որպեսզի ԱԺ քվեարկության գնացող պատգամավորներին ամոթանք տան։ ԱԺ «Հանրապետական» խմբակցության յուրաքանչյուր անդամի՝ ԱԺ մտնելու ժամանակ ցուցարարները բղավում են՝ «ստրուկներ», «թուրքեր»։


Ակտիվիստների հետ հանդիպում են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, որոնց ակտիվիստները հորդորում են գրավել ամբիոնը։


Վահան Բաբայանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, սակայն եթե տեսնեն, որ ինչ–որ կերպ հնարավոր է նիստը տապալել, ապա չեն քվեարկի ընդհանրապես։


Դեմիրճյան մուտքի մոտ հավաքվածներից Արգիշտի Կիվիրյանը Tert.am—ի հետ զրույցում ասաց, որ այո այսօր ՀՀ սահմանը գտնվում է Բաղրամյան 19 հասցեում, քանի որ այսօր ԱԺ–ը պետք է վավերացնի համաձայնագրեր, որոնք վերաբերում են ՀՀ ինքնիշխանությանը։


Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը ս.թ. դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում քվեարկության չդրվեց քվորում չապահովելու պատճառով։ Համաձայնագրի քվեարկությունը տեղափոխվեց դեկտեմբերի 23, իսկ «Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը հայտարարեց, որ ժամը 11։30-ին բողոքի ցույց են կազմակերպում Ազգային ժողովի դիմաց։


 







Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

 

 Ուղիղ միացումը՝ Civilnet.am–ի