Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան լքել է կալանավայրը
Pussy Riot սկանդալային պանկ խմբի անդամ Մարիա Ալյոխինան ազատ է արձակվել, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ալյոխինայի փաստաբանին:
«Վոյնա» խմբի անդամները Twitter-ում հաստատել են Ալյոխինայի ազատ արձակման մասին տեղեկությունը, սակայն նրանց տվյալներով՝ «Ալյոխինայի փաստաբանն այժմ փորձում է հասնել հատուկ մեքենաների շարասյանը, որոնք Մաշային ինչ-որ տեղ են տանում ազատ արձակման մասին որոշումը կարդալուց հետո»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալյոխինան չի ցանկանում լքել կալանավայրը, քանի որ վախենում է այն աղջիկների համար, որոնց հետ ընկերացել է պատիժը կրելու ընթացքում:
Մարիա Ալյոխինան, որը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման Փրկչի տաճարում խուլիգանության համար, ազատ արձակվելու հնարավորություն է ստացել ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առիթով հայտարարված համաներման շնորհիվ:
Պանկ խմբի երկրորդ անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան դեռ ազատ չի արձակվել, սակայն նրա ազատման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են:










