Ոչ իշխանական խմբակցությունները քննարկում են ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրի վավերացումը վիճարկելու համար ՍԴ դիմելու հարցը
Այս պահին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության սենյակում են հավաքվել ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նրանք քիչ առաջ վերադարձել են ԱԺ-ի առջև հավաքված ցուցարարների մոտից և համատեղ աշխատում են հայտարարության վրա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր ձեռքով քվեարկությամբ վավերացվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Այդ ընթացքում քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ դիմաց:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։ Նա հիշեցրեց, որ «գազային» համաձայնագրի քվեարկության ժամանակ, քանի որ էլեկտրոնային համակարգը չէր գործում ինչ-ինչ պատճառներով, ինչը նա կարևոր չհամարեց, ԱԺ նախագահը որոշեց, որ պետք է քվեարկել բաց ձեռքերով։
«Բայց այս պարագայում համապատասխան գործընթաց է պահանջվում, որ հանձնաժողովը հաշվի նախ ձայները և որոշում կայացնի արձանագրություն կազմել արդյունքների վերաբերյալ։ Հանձնաժողովն ունի 7 անդամ, երկուսը ՀՀԿ-ից, մեկը ՕԵԿ-ից։ Բոլորը տեսան, որ առնվազն հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները չեն մասնակցել, արձանագրություն չի կազմվել և բնականաբար խախտվել է օրենքը, և քվեարկությունը չի կարող օրինական համարվել»,-ասաց նա։
Աղվան Վարդանյանը նշեց, որ մի քանի բան ակնհայտ է, որի մասին քիչ հետո հայտարարությամբ հանդես կգան, կտան քաղաքական գնահատական։
Միաժամանակ նա չբացառեց , որ հնարավոր է՝ պատգամավորների ստորագրություններով դիմեն ՍԴ։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայտարարությունը պատրաստ է և քիչ հետո ժողովրդի հետ հանդիպումից հետո կներկայացնեն։
«Հայտարարության տեքստը պատրաստ է, ստորագրվեց խմբակցությունների անունից և բնականաբար ծրագրում ենք հետագա քայլերը, նայում ենք կանոնակարգ-օրենքը՝ ՍԴ դիմելու հարցը»,-ասաց նա։










