«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիոակտիվ ջրերի նոր մեծ արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում այսօր ռադիոակտիվ նյութեր պարունակող ջրերի խոշոր արտահոսք է տեղի ունեցել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Tokyo Electric Power Company-ին։
Պաշտպանիչ շերտից 1.8 տոննա ջուր է արտահոսել։
Նախօրեին ընկերության մասնագետներն արդեն հաղորդել էին նման միջադեպի մասին՝ տեղեկացնելով, որ չորրորդ էներգաբլոկից 1.6 տոննա հեղուկ է հոսել։
Ենթադրվում է, որ տեղի ունեցածի պատճառը պաշտպանիչ արգելապատնեշի վնասումն է ուժգին անձրևների հետևանքով, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն մի քանի օր։ Ընկերությունը տեղեկացրել է, որ երկու միջադեպերի հետևանքով հեղուկը ծովը չի թափվել։
Ռադիոակտիվ ջրերի արտահոսքը հիմնական խնդիրներից մեկն է, որին պարբերաբար բախվում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մասնագետները։










