Ընդդիմությունը զբաղված է խուլիգանությամբ ու ջեբկիրությամբ. Գալուստ Սահակյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում ձեռքով քվեարկությունից հետո ընդդիմության կողմից պատգամավորների քարտերը վերցնելը որակեց որպես խուլիգանություն և ջեբկիրություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում բուռն մթնոլորտում ընթանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը։ Զուգահեռ՝ քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել ԱԺ դիմաց:
Ի պատասխան մեր այն հարցի, թե հնարավո՞ր է դիմեն ԱԺ էթիկայի հանձնաժողով, Գալուստ Սահակյանը նկատեց. «Էթիկայի հանձնաժողով դիմելը նրանց ինչ կանի, դրանց պետք է դիմել գժանոց, էնտեղ ուսումնասիրություն կկատարեն, սա է»:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը, այդպիսով փորձելով տապալել նիստը, ինչից հետո ԱԺ նախագահը որոշում կայացրեց, որ քվեարկությունը կկայանա ձեռքով: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ձեռքով հաշվարկում կեղծիքներ են եղել (77 կողմ):
Գալուստ Սահակյանը նկատեց, որ հաշվիչ հանձնաժողովում եղել են երկուական պատգամավոր ՀՀԿ-ից, մեկը՝ ՕԵԿ-ից:










