Ազատ արձակված Խոդորկովսկին խոսել է իր հայ տեղակալի մահվան մասին

13:14 • 23.12.13

Ռուսաստանցի գործարար, «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներմամբ ազատ է արձակվել և հայտնվել Բեռլինում, բացառիկ հարցազրույց է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին:

 

Համացանցում հայտնվել էր տեսագրությունը, սակայն ներկայում տեսանյութն արգելափակված է:

 

«Дождь» հեռուստաալիքի «Собчак живьем» հաղորդման ժամանակ Խոդորկովսկին պատմում է իր ազատ արձակման հանգամանքների մասին, ասում` շնորհակա՞լ է արդյոք Պուտինին, թե՞ ոչ, զբաղվելո՞ւ է արդյոք քաղաքականությամբ, կրկին հովանավորելո՞ւ է ընդդիմությանը, թե՞ ոչ, ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում, վրեժ լուծելո՞ւ է, թե՞ ոչ և այլն:

Սոբչակի այն հարցին` արդյոք Խոդորկովսկին ներե՞լ է այն մարդկանց, ովքեր իր կյանքից 10 տարի են խլել, նա նշել է, որ ի վերջո «ՅՈՒԿՕՍ»-ի գործով մարդ է զոհվել` ի դեմս իր տեղակալ Վասիլի Ալեքսանյանի: Նա այս մասին հիշել է այն բանի համատեքստում, թե ինչ զգացմունքներ ունի այդ գործով դատավարություն իրականացնողների հանդեպ:

 

Նա, մասնավորապես, ասել է. «Կան մարդիկ, որոնց ոչ անմիջական դատավարական գործողությունները հիրավի ծանր հետևանքների են հանգեցրել. ես նկատի ունեմ Վասիլի Ալեքսանյանի դեպքը: Մարդը զոհվել է: Հարկ է այստեղ խոսել դրա մասին: Սակայն պետք է հստակ համոզված լինել` կոնկրետ ով և ինչ է արել»:

 

«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը մահացել է 2011-ին հիվանդություններից, որոնք սրվել էին ազատազրկման ժամանակ: Նա «ՅՈՒԿՕՍ»-ի գործով բանտում է գտնվել 3 տարի, հիվանդ է եղել ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, նաև ուռուցք է ունեցել: 2009-ին նրան գրավով բաց էին թողել տնային բուժման, իսկ 2010-ին նրա դեմ քրեական գործը փակել էին: Նրա իրավաբանների կարծիքով` Ալեքսանյանին 36 ամիս բանտում էին պահել Միխայիլ Խոդորկովսկու վրա ճնշում գործադրելու համար: