Pussy Riot-ի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան համաներմամբ ազատ է արձակվել

15:06 • 23.12.13

Pussy Riot պանկ խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան Ռուսաստանի Սահմանադրության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել: Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, Twitter-ում հայտնել է նրա ամուսին Պյոտր Վերզիլովը, հաղորդում է lenta.ru-ն:

 

Նա արդեն լքել է Կրասնոյարսկում հիվանդանոցը, որտեղ նրան տեղափոխել էին Մորդովիայից: Տոլոկոննիկովայի հոսպիտալացումն անհրաժեշտ է եղել հացադուլի պատճառով, որը նա հայտարարել էր՝ ի նշան կալանավորների պայմանների և նրան Մորդովիայի կալանավայրից այլ ուղղիչ հաստատություն տեղափոխելու մերժման դեմ բողոքի:

 

Դեկտեմբերի 23-ի առավոտյան ազատ է արձակվել խմբի մեկ այլ անդամ Մարիա Ալյոխինան: Նրանց երկուսի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2014 թվականի մարտին:

 

Ալյոխինան ազատ արձակվելուց հետո հայտարարել է, որ համաներումն անարդար է համարում այլ մայրերի և հղի կանանց նկատմամբ, որոնք շարունակում են կրել իրենց պատիժը: Իր խոսքով՝ նա որոշել է պաշտպանել կալանավորների իրավունքները: