Քաղհասարակության ֆորումը վաղը կհրապարակի հայտարարության տեքստ, որով հնարավորություն կտրվի ֆորումի անդամներին` կողմնորոշվել

20:45 • 23.12.13

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի նիստում հաստատված հայտարարությունը վաղը կհրապարակվի, և դրանով շատ հարցեր կստանան իրենց պարզաբանումը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ազգային պլատֆորմի նախագահ Բորիս Նավասարդյանը։


Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել էր, որ երբ Հայաստանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական կուրսը և սկսեց սրընթաց շարժվել դեպի Մաքսային Միություն, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ որոշ հասարակական կազմակերպություններ կասեցրեցին իրենց անդամակցությունը կառույցին: Այդ կազմակերպություններից է, օրինակ, Լևոն Բարսեղյանի գլխավորած «Ասպարեզ» հասարակական կազմակերպությունը։
 

«Գիտեք՝ ամեն մեկի մոտիվացիան տարբեր է, բայց կոնկրետ «Ասպարեզ» ակումբը ակնկալում է, որ ֆորումը հստակեցնի իր դիրքորոշումը՝ կապված իշխանությունների հետ»,-ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ վաղվա հայտարարությունը հնարավորություն կտա բոլորին, ովքեր սկզբունքային պատճառներով են սառեցնում անդամությունը, հստակ կողմնորոշվել:


Հիշեցնենք, որ մինչ այս Ազգային պլատֆորմին իրենց անդամակցությունը կասեցրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Ասպարեզ» ակումբը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը», և «Հայաստանի գործատուների միությունը»: