Ընդդիմությունն ընդունել է Յանուկովիչին մինչև 2015 թվականը տապալելու անհնարինությունը

14:03 • 23.12.13

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, այժմ «Եվրամայդանի» առաջնորդներից Յուրի Լուցենկոն ընդունել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհնարինությունը: Այդ մասին նա հայտարարել է Կիևի կենտրոնում տեղի ունեցող ակցիայի մասնակիցների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ, գրում է lenta.ru-ն:

 

Քաղաքական գործիչը նշել է, որ ընդդիմության հիմնական խնդիրը 2015 թվականի նախագահական ընտրություններին պատրաստվելն է:

 

«Պետք է միասնական առաջնորդ, հնարավոր չէ պատերազմի գնալ՝ ունենալով տասը առաջնորդ… Պետք է հասնել նրան, որ արդեն իսկ առաջին փուլում ընդդիմադիր թեկնածուն 80 տոկոս քվեով հաղթի»,- ասել է Լուցենկոն՝ հավելելով, որ Ուկրաինայի եվրաինտեգրման աջակցությանն ուղղված ակցիաներին անհրաժեշտ է միավորել նաև երկրի հարավ-արևելյան հատվածի բնակիչներին:

 

«Ազատության տարածքը պետք է մինչ ամառ հասնի մինչև Ղրիմ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

 

Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը «Եվրամայդանի» մասնակիցների պահանջներից մեկն է: