Ռուսաստանը Սիրիային է փոխանցել քիմիական զենքի ոչնչացման համար անհրաժեշտ ամենը

16:09 • 23.12.13

Սիրիան Ռուսաստանից ստացել է տեխնիկա՝ քիմիական զենքի դուրս բերման անվտանգության ապահովման և ոչնչացման համար։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Вести-ն։

 

Շոյգուն ընդգծել է, որ գերատեսչությունն օպերատիվ կերպով կատարել է նախագահի 2013թ. դեկտեմբերի 11-ի հանձնարարությունը։ Նա պարզաբանել է, որ օդային տրանսպորտով դեկտեմբերի 18-20-ը Սիրիայի Լաթաքիա նավահանգստի օդանավակայան է տեղափոխվել 50 «ԿամԱզ» և 25 զրահապատ «Ուրալ» մեքենա։ Ռազմական տեխնիկայի տեղափոխման համար կատարվել է 38 ավիաչվերթ։

 

Բացի բեռնատարներից, Սիրիա է տարվել նաև ռազմական այլ գույք՝ դաշտային խոհանոցներ, վրաններ այն աշխատակիցների համար, ովքեր պետք է ապահովեն սիրիական քիմիական զենքի տեղափոխումն ու ոչնչացումը։

 

Նշված տեխնիկան թույլ կտա իրականացնել սիրիական քիմիական զենքի տեղափոխումը Լաթաքիայի նավահանգիստ՝ երկրի տարածքից դուրս բերելու և հետագա ոչնչացման համար։