Կանադայում մահացել է մոնրեալյան մաֆիայի պարագլուխ Վիտո Ռիզուտոն
Մոնրեալում երկուշաբթի մահացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Վիտո Ռիզուտոն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հաղորդել են նրա ներկայացուցիչները՝ նա մահացել է բնական մահով: Դա զարմանք է առաջացրել մաֆիայի բազմաթիվ կանադացի մասնագետների մոտ:
Դաշնային ոստիկանության նախկին վերլուծաբան Պյեր դե Շամպլեյնի խոսքով՝ 67-ամյա Ռիզուտոյի մահվան մասին լուրը «զարմացրել է ոչ միայն մոնրեալցի մաֆիոզներին, այլև ողջ Կանադայում նրանց գործընկերներին, քանի որ Ռիզուտոյի դինաստիան այլևս գոյություն չունի»: Դե Շամպլեյնը համարում է, որ Մոնրեալում այժմ կարող է պատերազմ սկսվել մաֆիայի այլ կլանների միջև։
Վիտո Ռիզուտոյի հայրն ընտանիքը Սիցիլիայից Կանադա էր տեղափոխել 1954 թվականին: Նա միացել էր Կոտրոնի կլանին, որը 1970-ականներին վերահսկում էր Մոնրեալում թմրամիջոցի առևտուրը: Աստիճանաբար Ռիզուտոյի ընտանիքը հսկողության տակ է առել ողջ մոնրեալյան մաֆիան:










