ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները գազային համաձայնագրերի հարցով արտահերթ նիստ են հրավիրում

19:23 • 24.12.13

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները՝ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն») և Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) այսօր օրվա վերջին լրագրողներին տեղեկացրին, որ ելնելով ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն դիմում են հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին և անդամներ ՝Տաճատ Վարդապետյանին և Իշխան Խաչատրյանին, որ դեկտեմբերի 25-ին ԱԺ-ում հրավիրվի արտահերթ նիստ։

 

«Օրակարգում երկու հարց է լինելու՝ ԱԺ–ում դեկտեմբերի 23-ի նիստում տեղի ունեցած քվեարկությունների անցկացման և արդյունքների ամփոփման օրինականությունը և կազմակերպական հարցերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը և հավելեց, որ իրենք որպես մեծամասնություն հայտարարում են, որ եթե մեծամասնության պատգամավորները չմասնակցեն՝ իրենք չորսով կանցկացեն նիստը։

 

Եթե Սուքիաս Ավետիսյանը չներկայանա նիստին, հրաժարվի այն վարել, ապա Ա. Մինասյանի խոսքով, ընդդիմադիր, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հաշվիչ հանձնաժողովի քարտուղարն է, իրավունք ունի վարելու այդ նիստը:

 

«Մենք ներկայացնելու ենք հաշվարկման օրինականությունն ու կազմակերպական հարցրեը: Մենք այս պահանջն առաջադրում ենք, ու եթե նա չժամանի այդ նիստին, մենք իրավասու ենք անցկացնելու այդ նիստը: Տիկին Սարգսյանը, լինելով հանձնաժողովի քարտուղար, իրավունք ունի վարելու, եթե Սուքիաս Ավետիսյանը ցանկություն չունենա վարելու նիստը, չգա»,- ավելացրեց նա:


Նշենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ–ում հայ–ռուսական համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ԱԺ կոալիցիոն խմբակցությունների մի շարք պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը, ինչի հետևանքով ԱԺ–ում տեղի ունեցավ ձեռքով քվեարկություն, որի արդյունքներն էլ վիճարկում են ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը։