Ցուցակից ցուցակ, երկնիշից եռանիշ թիվ. ազատամարտիկը կորցրել է բնակարանի հերթը

23:22 • 24.12.13

Արցախյան ազատամարտիկ, 1990-ական թվականների ռազմագերի, 3-րդ կարգի հաշմանդամ Հենրիկ Սևոյանը կնոջ և երկու երեխաների հետ արդեն 18 տարի է` ապրում է վարձով բնակարանում: Բնակարան ստանալու համար վաղուց է հերթագրվել, բայց, ինչպես ինքն է ասում, անհասկանալի և տարօրինակ կերպով իր անունը մի ցուցակից մեկ այլ ցուցակ է տեղափոխվում, իսկ հերթի համարը երկնիշ թվից մեկ էլ հանկարծ դառնում է եռանիշ:

 

«2007թ. հերթագրվել եմ, Պաշտպանության նախարարությունում այդ ժամանակ գոյություն ուներ անօթևանների և բնակարանների բարելավման հերթ, անօթևանների ցուցակում ես 24-րդ համարն էի, հետո` 2008թ.-ին, արդեն գոյություն չուներ այդ ցուցակը ու մինչև հիմա չկա: 2008թ.-ին նոր բնակարանների բարելավման ցուցակ կախեցին, որտեղ ես դարձա 508 համարը»,-Tert.am-ին պատմեց ազատամարտիկը՝ ընդգծելով, որ արդեն կորցրել է իր հերթը:

 

Նրա փոխանցմամբ՝ վերջերս ՊՆ-ում անօթևանների նոր ցուցակ են կազմել, որը պահում են խիստ գաղտնի: «Հիմա իբր բնակարանների բարելավման ցուցակում եմ, բայց հարցը նրանում է, որ ի՞նչը պիտի բարելավեն, եթե բնակարան չկա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրեն ասել են, որ այդ անօթևանների «գաղտնի» ցուցակում ինքը 27-րդն է:

 

Հենրիկ Սևոյանը նաև պատմեց, որ ինքն Անկախության բանակի կազմում է եղել, 1990թ.-ին գերեվարվել է, 1992թ.-ին «Արծիվ» մահապարտների ջոկատում է կռվել: Մասնակցել է Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին, իսկ գերի ընկել է Նոյեմբերյանի շրջանում: Գերի ընկնելուց հետո նրան Ադրբեջանում դատապարտել են, ուղարկել Ռուսաստան, որտեղից էլ ուղարկել են Հայաստան:

 

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ին փոխանցեցին, որ Հենրիկ Սևոյանը ազատամարտիկների բնակարանների բարելավման ցուցակում այժմ 306-րդ համարն է: