Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, սպանված գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ:
Սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
«Հանրությանը վստահեցնում ենք, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասվում է Գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունում:










