Մինչ Իրանի իշխանափոխությունը ոչ ոք չէր հայտարարում, որ Հայաստանին կարող են էժան գազ տրամադրել. իրանագետ
2013-ին իրավիճակն Իրանում բավական թեժ ու ակտիվ էր, իսկ հայ-իրանական հարաբերությունների մասով մինչ այնտեղ տեղի ունեցած իշխանափոխությունը չէին հայտարարում, որ պատրաստ են Հայաստանին էժան գներով գազ մատակարարել: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Հայաստանը դեպի Եվրոպա ձգտելու փոխարեն պետք է ձգտի նաև իր հարևանների հետ հարաբերությունները լավացնել: Այսօր Իրանում ունենք նախագահ, որը բավական ջերմ է վերաբերում ՀՀ-ին, ինչպես նաև այսօր արդեն Իրանի տնտեսությունը կայունանում է, սա մեզ հույս է ներշնչում»,- ասաց նա:
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի առաջիկա դերակատարությանը, իրանագետը նշեց, որ Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում կմնա անփոփոխ, և, ընդհանրապես, տարածաշրջանում Իրանը եկող տարում բավականին ակտիվ քաղաքականություն կիրականացվի:
«Հայաստանի 2013 թ.՝ արևելյան ուղղության արտաքին քաղաքական զարգացումների արդյունքները» թեմայի շուրջ իր տեսակետը հայտնեց նաև «Արմեդիա» ՏՎԳ վերլուծաբան, միջազգայնագետ Սևակ Գոմցյանը՝ նկատելով, որ Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշումն էապես չի փոխվի եկող տարվա ընթացքում, Հայաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Հիմնական իրադարձությունները Սիրիայում կապված են եղել միջուկային զենքի հետ: Հզբոլլահին ցանկանում են դուրս բերել սիրիական հակամարտությունից: Եվ Հայաստանն այսօրվա գործող վարչակազմի հետ պատմական բարեկամական հարաբերություններ է ունեցել»,- ասաց նա:
2014-ին Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հավանականության մասին ասաց, որ իրականում դա ռեալ չի համարում:
Թեմայի շրջանակներում ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ-ի դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանն էլ անդրադարձավ Չինաստանին՝ նշելով, որ վերջինիս հետ արդեն հաշվի են նստում ոչ միայն Արևելքում, այլ նաև Արևմուտքում: Այն իր տնտեսությամբ գրավել է աշխարհը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններին, նա ասաց. «Ղարաբաղի հետ կապված Չինաստանը մնում է այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Հայաստանի հետ հարաբերությունները լավ են, բայց կարող են է՛լ ավելի լավ լինել»:










